ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնությամբ մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» արշավը շարունակվում է:
Այսօր՝ ապրիլի 5-ին, քայլերթն ընթանում է Թեժ լեռ-Լերմոնտովո երթուղով:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կրկին հայտարարեց, որ ինքը ոչ մի մետր մեքենայով չի շարժվում, Գյումրիից Երևան է հասնելու ոտքով և հույս ունի Ազատության հրապարակում հազարավոր մարդկանց տեսնել, ովքեր պետք է թույլ չտան Սերժ Սարգսյանին շարունակել իշխանությունը: Փաշինյանը նշեց, որ Երևան են հասնելու ապրիլի 13-ին:
Նշենք, որ այսօր քայլերթին մասնակցող արդեն հայտնի դարձած շանը՝ Չալոյին, բուժօգնություն ցուցաբերվեց: Շանն օգնելու համար հատուկ բժիշկ է հրավիրվել: Նշվեց, որ կենդանին, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ պատվաստումները չի ստացել: