«Վարչապետը բնականաբար նստավայր է ունենալու կառավարության շենքում»,-այսօր՝ ապրիլի 5-ին, կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ ՀՀ ապագա վարչապետը երկու նստավայր է ունենալու:
Հարությունյանի խոսքերով, վարչապետի և կառավարության անդամների աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե վարչապետը նստավայր ունենա նաև կառավարությունում:
Նախարարը նշեց, որ վարչապետի լիազորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների մի զգալի մասը ևս իրականացվելու է վարչապետի կողմից. «Զուտ կառուցվածքային և ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար: Այս շենք հարմարեցված է գործադիր իշխանության ոլորտում լիազորություններ իրականացնելու համար: Այս առումով, կարծում եմ՝ զարմանալի բան չկա, որ վարչապետի լիազորությունների մի մասն իրականացվելու է մյուս տարածքից»,-ասաց Արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ում՝ գործող նախագահի նստավայրում, իսկ ՀՀ նախագահը տեղափոխվելու է Մաշտոցի պողոտայում գտնվող նստավայր: