Միջազգային Քաղաքականություն 

Գործին միջամտում են ռազմական նավերը. Չին-ամերիկյան խնդիրները խորանում են

analitik.am

Վաշինգտոնն ու Պեկինը օրեր առաջ սկսված տնտեսական պատերազմի շրջանակներում որոշել են ի ցույց դնել նաև իրենց ռազմական հզորությունը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Թերթում լույս տեսած հոդվածի հեղինակը վերլուծաբան Մինի Չանն է, ով նշում է, որ կողմերն իրենց ուժը ցուցադրել են Հարավ-Չինական ծովում:

Այսպես, ապրիլի 5-ին Չինաստանն աննախադեպ ծովային զորավարժանքներ է սկսել Հարավ-Չինական ծովում: Սա չինական պատասխանն է ԱՄՆ-ին, որը պատրաստվում է երեք նավատորմով զորավարժություններ անցկացնել: Ինչ վերաբերում է չինական զորավարժություններին, ապա այստեղ մասնակցում է ավելի քան 40 նավ:

Հոդվածում նշվում է, որ Չինաստանն՝ ԱՄՆ-ի նման  ռազմական հզորությունը համարում է իր հետաքրքրությունները պաշտպանելու գործում կարևորագույն գործիքներից մեկը, ու այս քայլով Պեկինը ցանկանում է ցույց տալ, որ պատրաստ է պաշտպանել իր տնտեսական բարեփոխումներն ու տնտեսությունը:

Հոդվածի հեղինակի կարծիքով, Չինաստանի և ԱՄՆ-ի ծովային զորավարժություններն ուղիղ կապ ունեն տնտեսական ոլորտում ի հայտ եկած խնդիրների հետ: Վաշինգտոնը ցանկանում է ցուցադրել իր ուժը, իսկ Չինաստանը հայտարարում է, որ պատրաստ է պաշտպանել իր շահերը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հրապարակել էր չինական այն ապրանքների ցանկը, որոնց համար 25 տոկոս մաքսատուրք է սահմանվում: Չինաստանի պատասխանը երկար սպասեցնել չէր տվել: Պեկինն իր հերթին հրապարակել էր ամերիկյան ապրանքների ցանկը, որոնց համար նույնպես գործելու է 25 տոկոս մաքսատուրք:

 

Նույն շարքից