ՀՅԴ-ն կհարգի ցանկացած որոշում, որը կկայացվի ՀՀԿ-ի կողմից: Այսօր՝ ապրիլի 9-ին ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կանի Դաշնակցությունը, եթե վարչապետի պաշտոնի համար Հանրապետականն առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածություն:
Ռուստամյանի խոսքերով, կոալիցիոն հուշագրով հենց ՀՀԿ-ն իրավունք ունի առաջադրելու վարչապետի թեկնածու:
Հարցին, թե արդյո՞ք ՀՅԴ-ն դեմ չի լինի, եթե Ծառուկյան դաշինքը մաս կազմի իշխող կոալիցիային, ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարեց, թե իրենք դեմ չեն որևէ քաղաքական ուժի հետ որևէ ձևաչափով համագործակցությանը, եթե տվյալ ուժը համապատասխանում է իրենց դրած խնդիրերին և նպատակներին:
Ինչ վերաբերում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկել Փաշինյանի կոչին, թե ժողովուրդը պետք է փակի խորհրդարանի դռները և թույլ չտա պատգամավորներին մասնակցել ՀՀ վարչապետի ընտրությանը, Ռուստամյանն ասաց, այդ կոչն արդեն ինքնին հակաօրինական է, քանի որ չի կարելի խոչընդոտել պատգամավորին մասնակցել նիստին, որը պատգամավորի սրբազան իրավունքն ու պարտականությունն է՝ սահմանված կանոնակարգով:
Ամեն դեպքում ՀՅԴ-ականը համաձայն է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ակտիվացնելու ժողովրդին և քաղաքական պայքարը շարունակելու: Պատգամավորի խոսքերով, Փաշինյանն ընտրել է այդ ձևը, սակայն դա չի ոգեշնչում մյուսներին, հակառակ պարագայում դա զանգվածային երևույթ կդառնար. «Կարծում եմ, որ մարդիկ էլ հասկանում են, որ այդ ճանապարհը տեղ չի տանելու»:
Արմեն Սարգսյանի երդմնակալության մասով էլ Ռուստամյանն ասաց, թե նա 7 տարով է լինելու նախագահ, այլևս չի կարող առաջադրվել, և սա պատմական շանս է նրա համար, պետք է կարողանա իր անունը թողնել պատմության մեջ: