Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ցանկացավ իմանալ, թե ինչ է լինելու հայկական ատոմակայանի ճակատագիրը:
Նազարյանը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո տարբեր կեղծ լուրեր տարածվեցին, որոնցից մեկի համաձայն էլ ատոմակայանն իբր փակվելու է, սակայն դա այդպես չէ. «ՀՀ նախագահն այս մասին բազմիցս արտահայտվել է: Էներգետիկայի բնագավառում մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: Այդ համագործակցությունը, թիվս այլ հարցերի, պետք է ընդգրկի Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետի պլանի ընդունումը: Այսինքն՝ խոսքը վերաբերում է ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունմանը, ոչ թե ատոմակայանի փակմանը»:
Նազարյանը նշեց նաև, որ կողմերը պայմանավորվել են, միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցելիս, հաշվի առնել Հայաստանի առանձնահատկություները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստանդարտները, ԵՄ փորձը. «Համաձայնագրի 42-րդ հոդվածում նշվում է նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովման մասին, ոչ թե համաձայնագրի ստորագրումից կամ վավերացումից հետո ատոմակայանի փակման: Համաձայնագրում այդպիսի որևէ ձևակերպում չկա»: