Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, թե տեղեկություններ կան, որ նմանատիպ համաձայնագիր կնքվելու է նաև Ադրբեջանի հետ: Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով հիմնական զեկուցող ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, ցանկացավ իմանալ, թե ինչ տեղեկություններ ունի այս մասին Հայաստանը. «Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար նույն մոտեցումներն են պահպանված»:
Փոխնախարարը, հղում անելով միջազգային բանակցային պրակտիկային, հայտարարեց, որ այդ քննարկումները փակ ռեժիմով են տեղի ունենում, բովանդակության մասին երրորդ կողմը չի իրազեկվում՝ հաշվի առնելով այն, որ դա կարող է վտանգել կողմերի հանրային և պետական շահերը. «Ամեն դեպքում մենք տեղյակ ենք, որ ԵՄ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում քննարկվում է նաև հակամարտության կարգավորման խնդիրը, ինչպես ձևակերպված է նաև մեզ հետ համաձայնագրի պարագայում: Մենք ԵՄ մեր գործընկերներին բազմիցս նշել ենք միասնական հայտարարված դիրքորոշումը պահպանելու անհրաժեշտությայն մասին: Դա շատ կարևոր է հակամարտության կարգավորման գործընթացը լավագույնս ապահովելու համար: Մենք ունենք հավաստիացումներ, որ ԵՄ-ն կպահպանի հայտարարված մոտեցումը: Հուսանք, որ դրա ականատեսը կլինենք: Հույս ունենք, որ ԵՄ մեր գործընկերները կդրսևորեն իրենց սկզբունքային մոտեցումը»: