Հայաստան Քաղաքական 

Պետք է աղոթել ոչ միայն Սերժ Սարգսյանի համար. Շարմազանով

«Քաղաքականության մեջ ակտիվ գործող գործիչներից ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի փորձառու, պետությունն առաջնորդելու ավելի հմուտ գործիչ, քան  պարոն նախագահը, ես չեմ ճանաչում»,-այսօր՝ ապրիլի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետութան մասին:

Հարցին, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, ինչ է լինելու և պետք է արդյո՞ք ազգովի աղոթել, որ հենց նա լինի վարչապետ, Շարմազանովն ասաց. «Աղոթել պետք է ամեն առավոտյան և ամեն երեկոյան: Պետք է աղոթել ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, այլ՝ բոլորիս, հայ ժողովրդի: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի, եթե Սարգսյանը չլինի վարչապետ, ապա  եթե-ներով հարցերին ես չեմ պատասխանում»:

Շարմազանովը խոսեց նաև Կարեն Կարապետյանի մասին՝ նշելով և վերջինս ՀՀԿ-ի թիմի կարևորագույն անդամներից է, կուսակցության նախագահի տեղակալը՝ ըստ երևույթին չհերքելով, որ վերջինս լինելու է փոխվարչապետ. «Կարեն Կարապետյանը մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, նա և՛ կառավարման համակարգում, և՛ ՀՀԿ-ում ունի իր լուրջ անելիքը»:

 

Նույն շարքից