Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում ինչպես մինչև ապրիլի 9-ը եղել է, այնպես էլ հետայսու շարունակվելու է՝ առաջին դեմքը լինելու է Սերժ Սարգսյանը, իսկ երկրորդը՝ Կարեն Կարապետյանը:
Այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգը հայտարարեց, որ Հայաստանի պատմության մեջ ապրիլի 9-ին դե յուրե բացվեց նոր էջ, սակայն դե ֆակտո ոչ մի նոր բան էլ չի կատարվել:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի պաշտոնին, Քոչարյանի կարծիքով, այն սիմվոլիկ բնույթ է կրում: Բանախոսի խոսքերով, ամեն դեպքում հնարավոր է, որ Արմեն Սարգսյանը կարողանա արտաքին քաղաքականության ոլորտում իր կապերի շնորհիվ ինչ-որ հարցեր լուծել. «Արմեն Սարգսյանի անձն այնպիսին էր, որ նա ընդունելի և կոմպրոմիսային էր գրեթե բոլորի համար: Դրա մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն էր ասում, թեև առաջ էր քաշում նաև փաստաթղթերի հետ կապված որոշ հարցեր»:
Անդրադառնալով արդեն Հայաստանի քաղաքական դաշտում տիրող իրավիճակին, քաղտեխնոլոգն ասաց, որ չեն մնացել կուսակցություններ, որոնք պայքարում են գաղափարի համար և նույնիսկ ՀՅԴ-ն այսօր չունի նախկին խարիզման:
Քոչարյանը խոսեց նաև Արմեն Սարգսյանի երդմնակալությանը ՀՀ 1-ին և 2-րդ նախագահների բացակայության հարցի մասին՝ նշելով, որ ինաուգուրացիային ներկա են եղել 1-ին նախագահի թիմի անդամներից մի քանիսը: