«Տպավորություն է, որ իշխանությունն այս համաձայնագրի ստորագրումը ներկայացնում է, որպես մեծ զոհաբերություն, մեծ զիջում՝ արված ժողովրդին, ընդհուպ մինչև զոհասեղանի վրա արված մատաղ կամ մեծ ողորմածություն: Այդպես չէ, որքան այն պետք է ԵՄ-ին, այդքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը»,-այսօր՝ ապրիլի 10-ին, «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ կամ ապրիլի 11-ին ամեն ինչ կավարտվի վավերացմամբ, ու շարունակություն չի լինի, կամ իսկապես պետք է կատարվեն այն լրջագույն համակարգային փոփոխությունները, որոնք պահանջվում են:
«Իշխանությունն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար պետք է գնա սեփական ողնաշարը կոտրելու ճանապարհով: Պետք է իրական, ոչ թե իմիտացիոն պայքար մղել կոռուպցիայի դեմ, անցկանցել արդար ընտրություններ, վերացնել տնտեսական մոնոպոլիաները, դատական համակարգի այլանդակ կաշառակերությունը: Կարողանալու է արդյո՞ք իշխանությունը կոտրել սեփական ողնաշարը, կապրենք՝ կտեսնենք: Պետք չէ համաձայնագիրը ներկայացնել որպես 21-րդ դարի հերոսամարտ»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու և ամեն ինչ սկսվելու է միայն դրանից հետո:
Զոհրաբյանից հետո ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ նշելով, թե համաձայն է, որ ողնաշարեր կոտրվեն, ու դա արվի բոլոր նրանց դեպքում, ովքեր խանգարում են: