Հայաստան Քաղաքական 

Ռուսաստանում «նեղում» են հայաստանցի վարորդներին

«Հայաստանը չի տանում երկու ինտեգրացիոն գործընթացը, Հայաստանն ինտեգրացիոն գործընթաց տարել է միայն ԵԱՏՄ-ի հետ կապված: Հայաստանը պետք է թարմացներ ԵՄ-ի հետ պայմանագիրը, ինչը տեղ է ունեցել: Մենք ողջունել ենք պայմանագրի ստորագրումը»,-այսօր՝ ապրիլի 10-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Երևանը հնարավորություն ուներ ավելին ստանալու, սակայն ընտրեց ԵԱՏՄ:

Մարուքյանը նաև նշեց, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայ վարորդներին սկսել են նեղը գցել՝ պահանջելով վարորդական իրավունք ձեռք բերել: Ընդդիմադիր պատգամավորը կառավարությանը կոչ արեց զբաղվել հարցով:

«Հայաստանի իշխանությունները երկու բան ունեն, որ ամբողջ աշխարհին ասում են: Առաջինը, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման, ինչը բնականաբար պարզվեց սուտ է և երկրորդը, որ մենք ստորագրել ենք համաձայնագիրը, վաղն էլ վավերացնելու ենք: Առաջինի մասով արդեն պարզեցինք, որ դա սուտ է: Մենք պահանջելու ենք, որ Հայաստանն անցնի լիարժեք, իրական խորհրդարանական համակարգի: Երկրորդը՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ համաձայնագիրը կյանքի կոչվի»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, որ խաղը սկսվելու միայն վավերացումից հետո:

Պատգամավորը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք Հայաստանն այնպես կանի, որ համաձայնագիրը կյանքի կոչվի, Հայաստանը կստեղծի՞վստահելի հակակոռուպցիոն մարմին, Հայաստանը այնպես կանի՞, որ ունենանք անկախ դատական համակարգ և այլն: Մարուքյանն ասաց, որ այս մասով իրենք կասկածներ ունեն, բայց պահանջատեր են լինելու, պայքարելու են, որ փոխզսպող ինստիտուտներ լինեն:

Իր խոսքի վերջում պատգամավորը նաև հայտարարեց, որ մեր անվտանգության երաշխիքները մեր բանակն ու տնտեսությունն են, իսկ հաջողության հասնելու համար պետք է իրական բարեփոխումներ իրականացնել:

Նույն շարքից