Քաղաքական Միջազգային 

Իսրայել-ՌԴ հարաբերությունները լարվում են

Իսրայելի ԱԳՆ-ն պաշտոնապես քննադատել է Դամասկոսի շրջանում գտնվող Դումա քաղաքում  Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառումը:

«Իսրայելը վճռականորեն քննադատում է ապրիլի 4-ին՝ այդ ռեժիմի կողմից զանգվածային սպանություններ իրականացնելուց ուղիղ մի տարի անց,  քիմիական զենքի կիրառումը Ասադի ռեժիմի կողմից: Սիրիական ռեժիմը շարունակում է մարդկության նկատմամբ հանցագործություններ կատարել՝ օգտագործելով արգելված զենքեր»,- ասված է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հրեա դիվանագետները նաև նշում են, որ Սիրիայի վարչակարգը՝ անկախ ստանձնած միջազգային պարտավորություններից, շարունակում է մահաբեր քիմիական զենք կիրառել, ինչպես նաև ստեղծում է նորերը:

Իսրայելն առաջին անգամ հանդես է եկել Արևմուտքին բացահայտ  պաշտպանող հայտարարությամբ: Չնայած, որ Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ՌԴ-ի դեմ մեղադրանքներ չկան, այդուհանդերձ, այս հարցի շուրջ Մոսկվայի և Երուսաղեմի միջև բավականին լուրջ տարաձայնություններ կան:

Նշենք, որ ռուսական կողմը համարում է, որ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք չի օգտագործվել, նման ապացույցներ չկան, իսկ ներկայացված լուսանկարներն էլ համարում են շինծու և բեմականացված:

Նշենք նաև, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ն կանչել էր ՌԴ-ում Իսրայելի դեսպանին, որպեսզի քննարկեն ապրիլի 9-ին սիրիական ավիաբազային հարվածելու հարցը: Կրեմլի պաշտոնատար անձինք քննադատել են Իսրայելին ՌԴ-ի հետ չհամաձայնեցված գործողություն կատարելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն, ավիաբազայում գտնվել են իրանական անօդաչու ինքնաթիռներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ Իսրայելի հարձակումները Մոսկվային անհանգստանալու  տեղիք են տալիս:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ Իսրայելին անվանել էր «խաղացող, որին չեն հրավիրել Սիրիա», ինչպես նաև նշել էր, որ իրավիճակը կարող է շատ վտանգավոր դառնալ:

Իսրայելը պաշտոնապես չի հաստատել իր հարձակումը  սիրիական ավիաբազայի վրա, սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է. «Երբ որևէ մեկը ձեզ սպառնում է, հարձակվեք առաջինը», - ասել է նա:

Ամերիկյան ԶԼՄ-ներում էլ հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը նախապես քննարկել են Սիրիայի վրա հարձակման հարցը:

 

Նույն շարքից