Միջազգային Բարի օր 

Միջազգային մամուլն ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին

Թրամփի վարչակազմն ուրբաթ օրը հայտարարեց Պուտինի շրջապատի նկատմամբ նախատեսվող լայնածավալ պատժամիջոցների մասին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցուցակում ներառեց 14 ընկերություն, 17 պաշտոնյա և 7 օլիգարխ՝ չարամիտ  գործողություններին մասնակցելու համար՝ Սիրիայում Ասադին աջակցելը, Ղրիմի օկուպացումը, 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելը և մի շարք այլ բաներ, գրում է   The Wall Street Journal-ը:

Սառեցվեցին ակտիվները, ԱՄՆ քաղաքացիներին արգելվեց առնչվել այս մարդկանց և կազմակերպությունների հետ, ինչ վերաբերում է ոչ ԱՄՆ քաղաքացիներին, ապա վերջիններս վերոնշյալ կազմակերպությունների և մարդկանց հետ  նշանակալի փոխանցումներ ունենալու դեպքում կհայտնվեն պատժամիջոցների ազդեցության ներքո:

Պարբերականը գրում է, որ Պուտինն իշխանության է եկել իր ընկերներին հարստացնելու միջոցով, բայց եթե Կրեմլի հետ կապը խնդիր դառնա ռուս օլիգարխների համար, ապա Պուտինի հովանավորչությունն արդեն  կխանգարի նրանց:

Le Figaro-ն էլ գրում  է, որ ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ  3 տոկոսի չափով անկում ունեցավ, իսկ մոսկովյան MOEX Russia Index  ֆոնդային ինդեքսն էլ 9 տոկոսով ընկավ:  Սա ամենակտրուկ անկումն էր 2014թ.-ից ի վեր, երբ ՌԴ նկատմամբ կիրառվեցին առաջին միջազգային պատժամիջոցները:

R.Politik վերլուծական ընկերության ղեկավար Տատյանա Ստանովայան կարծում է, որ Կրեմլն առաջին հերթին փորձելու է պաշտպանել այն անձանց, ովքեր օգնում են Պուտինին մնալ իշխանության՝ գազի, նավթի և բանկային ոլորտը: Կսկսի պայքար, թե պետության հովանավորչությունը կոնկրետ ում է տրվելու, և ամենայն հավանականությամբ, այդ պայքարում կհաղթեն ուժայինների հովանավորչությունն ունեցող անձերը:

Շվեյցարական  Neue Zürcher Zeitung-ն գրում է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները գոտկատեղից ներքև հարված էին ՌԴ-ի համար, քանի որ ՌԴ-ն փաստացի չունի պատասխան ԱՄՆ-ի այս գործողությանը: Վաշինգտոնը հիմնավորում է իր քայլը նրանով, որ Մոսկվան չարամիտ քայլեր է կատարում արտաքին քաղաքականության ոլորտում, իսկ նման հայտարարությունը համաձայնության գալու եզրեր չի թողնում: Այս ամենով հանդերձ, Պուտինի քայլերը դրական են ընկալվում ՌԴ ազգաբնակչության կողմից, իսկ Արևմուտքի անհանգստությունը ՌԴ ներքին հարցերով էլ ավելի է նվազեցնում բնակչության շրջանում Արևմուտքի նկատմամբ ունեցած վստահության աստիճանը:

The New York Times-ն էլ անդրադառնում է այն հարցին, որ ինչքան էլ ՌԴ-ն միջազգային հարթակում փորձի  ապացուցել իր քաղաքական ազդեցությունը, ՌԴ տնտեսությունը հայտնվել է մեկուսացած վիճակում: Այս ամենի արդյունքում ամենաքիչը թանկանալու է կյանքը հասարակ սպառողների համար և բարդանալու է կազմակերպությունների վիճակը, ինչն է էլ իր հերթին երկարաժամկետ հատվածում խոչընդոտելու է տնտեսության զարգացմանը:

Հոդվածը եզրափակվում է նրանով, որ նավթի գինը չիջնելու դեպքում  ՌԴ տնտեսությունը լուրջ վնասներ չի կրի:

Bloomberg View-ն էլ հիշեցնում է, որ արդեն մի քանի ամիս է ամերիկյան Կոնգրեսի լիդերները կոչ են անում Թրամփին կոշտ պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ՝ Ուկրաինայում և Սիրիայում, 2016-ի ԱՄՆ  ընտրություններին միջամտելու և Սկրիպալի թունավորման համար: Օրենսդիրներն արդեն հիասթափվել էին և միակողմանի էիր սկսել գործել: Մյուս կողմից ԱՄՆ ներկայիս վարվող քաղաքականությունը վնասելու է ԱՄՆ կարևոր դաշնակիցներին՝ առաջին հերթին Հնդկաստանին: Մոսկվա այցելած Հնդկաստանի ԱԳ նախարարը պայմանավորվածություն ձեռք բերեց, որ արագացվելու է ПВО С-300 համակարգերի ձեռքբերման գործընթացը: Իսկ ПВО С-300-ի ձեռքբերումը կարող է խախտել Թրամփի կոմից ստորագրված օրենքը: Ըստ պարբերականի, յուրաքանչյուր պատժամիջոցի կիրառում կարող է լուրջ վնասներ հասցնել ԱՄՆ-Հնդկաստան զարգացող հարաբերություններին, քանի որ ԱՄՆ-ի կողմից վարվող նման քաղաքականության արդյունքում Հնդկաստանը կարող է էլ ավելի մերձենալ ՌԴ-ի հետ:

 

 

Նույն շարքից