Քաղաքական գլխավոր 

Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Այսoր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:

Ներկայացնելով համաձայնագիրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը տեղեկացրել էր, որ այն ստորագրվելով 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, փոխարինելու է 1999 թվականից գործող «Գործընկերության և համագործակցության մասին» ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրին:

Ըստ հիմնական զեկուցողի՝ շրջանակային համաձայնագիրը հավասար, նոր և գործընկերային մակարդակի վրա է բարձրացնում ընդհանուր արժեքների ու սերտ կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և կոչված է կարգավորելու դրանք: Փաստաթուղթը կանոնակարգում է երկկողմ քաղաքական, տնտեսական, առևտրային հարաբերությունները, խրախուսում դրանց շարունակականությունը: Խոսվում է Եվրամիություն-Հայաստան ընդհանուր սկզբունքների, կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի դեմ պայքարի, էներգետիկայի և տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության, գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության սկզբունքների և ծրագրերի մասին:

Առանձին և հստակ մաս է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցին. համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և իրավահավասարության, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Համաձայնագրով նաև նախատեսվում է ՀՀ օրենսդրության համապատասխանեցում ԵՄ օրենսդրությանը: Կուժեղացվի խորհրդարանական վերահսկողությունը տարբեր ոլորտներում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ԵՄ անդամ երկրների հետ ստեղծել խորհրդարանական գործընկերության կոմիտե, որը գործելու է նոր ձևաչափով և ունենալու է ենթակոմիտեներ:

«Հույս ունենք, որ մոտ ժամանակներս Եվրամիության կողմից Հայաստանին կտրամադրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը»,-նշել էր Կարեն Նազարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

 

Նույն շարքից