Հասարակություն Տնտեսություն 

Ազգային ժողովում քննարկում են սաունաների և հեստապարերի հարցը

Ազգային ժողովը քննարկում է Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ օրենքով նպատակ է դրվում սահմանել այն ծառայությունների տեսակը, որոնց գործունեությունը լինելու է սահմանափակման ենթակա՝ դրանցից որոշների տեղակայման մասով կլինեն որոշակի պահանջներ, որոշների նկատմամբ էլ կլինեն պահանջներ գիշերային ժամերին լռությունը պահպանելու մասով:

Այսպես՝ նախատեսվում է կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային ակումբները (սթրիփթիզ-ակումբներ), շոքեբաղնիքները, բաղնիքները, սաունաները դուրս բերել բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքներից, կրթական և պատմամշակութային հաստատությունների, վարչական շենքերի, բժշկական հաստատություների տարածքներից:

Բացի դրանից, այդ հաստատությունների գործունեության մասով համայնքներում որոշումը կայացնելու են համայնքների ղեկավարները, Երևանում՝ քաղաքապետը:

4-րդ կետով համայնքների ավագանին իրավունք կունենա որոշել, թե ինչ հեռավորության վրա են լինելու վերոնշյալ հաստատությունները բազմաբնակարան շենքերից:

5-րդ կետով պետական տուրքեր են սահմանվում այդ հաստատությունների գործունեության համար:

Ինչ վերաբերում է լռության ժամերին, ապա դրանք կարող են լինել 22:00-07:00, 23:00-07:00: Լռության մասով պահանջը  խախտվելու դեպքում սահմանվում է պատասխանատվություն՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ մինչև 1 միլիոն:

Օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունվելուց անմիջապես հետո:

 

 

Նույն շարքից