Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Օգտագործում եմ և կշարունակեմ օգտագործել. Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց գործընկերոջը

analitik.am

Այսօր՝ ապրիլի 11-ին, խորհրդարանում ԱԺ աշխատակարգի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, դիմելով հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանին, ԱԺ նախագահության անունից առաջարկեց նախագծում ավելացնել նաև ԱԺ փոխնախագահներին, որպեսզի նրանք էլ իրավունք ունենան լսումներ հրավիրելու:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշումն ուղարկել Ազգային ժողովի նախագահին, ով էլ իրավունք է ունենալու որոշում կայացնել լսումների կայացման մասով:

«ԱԺ նախագահություն» եզրույթը, սակայն դուր չեկավ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի՝ Կորյուն Նահապետյանին, ով Հովհաննիսյանին առաջարկեց այդ եզրույթն օգտագործելիս զգույշ լինել, քանի որ նման եզրույթ Սահմանադրության մեջ չկա:

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց գործընկերոջը՝ նշելով, որ օգտագործելու է այդ եզրույթը, ճիշտ այնպես, ինչպես շատ այլ եզրույթներ, որոնք օրենքով ամրագրված չեն, սակայն քաղաքական բառապաշարում տեղ ունեն. «Օգտագործում եմ և կշարունակեմ օգտագործել»:

 

Նույն շարքից