Մարտի 31-ին Գյումրիից մեկնարկած «Իմքայլը» արշավի մասնակիցները ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքից շարժվում են դեպի Երևան:
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանն իր թիմի հետ տնկեց «Երջանիկ ծառը», որը միացավ նախորդ տնկված ծառերին՝ «Զինվորի ծառին», «Ուսանողի ծառին», «Ժողովրդավարության ծառին» և այլն:
Փաշինյանը նաև հայտնեց, որ ապրիլի 10-ին Հրազդանում հանդիպում են ունեցել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների հետ, մի շարք կարևոր որոշումներ են կայացվել, և իրենք պատրաստ են Երևանում ծավալվելիք իրադարձություններին:
Նշենք, որ մարտի 31-ին մեկնարկած ակցիայի շրջանակներում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիից քայլում է դեպի Երևան: Նախաձեռնության մասնակիցները Ազատության հրապարակ են հասնելու ապրիլի 13-ին: Փաշինյանը հույս ունի Երևանում հազարավոր մարդկանց տեսնել, որոնց օգնությամբ ցանկանում է փակել ԱԺ մուտքերը՝ թույլ չտալով պատգամավորներին վարչապետ ընտրել: