Բարի օր Քաղաքականություն 

Հիվանդանոցներում ծառայությունների գները կարող են կտրուկ իջնել

analitik.am

Խորհրդարանը քննարկում է դեղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքի հեղինակները երկու փոքր, բայց իմաստալից փոփոխություն են առաջարկում:

Պատգամավորը հիշեցրեց, որ դեղերի մասին օրենքով ՀՀ դեղ ներկրելու իրավունք ունեն միայն մեծածախ լիցենզիա ունեցողները. «Մենք առաջարկում ենք հիվանդանոցները, որոնք բժշկական ծառայության համար ունեն դեղագործական դեղատուն, այսինքն ունեն դեղը պահելու վայր, հնարավորություն ունեն սեփական ծառայությունների համար դեղ ներմուծել առանց մեծածախ լիցենզիա ունեցող գնորդին դիմելու: Սա բերելու է դեղերի գների իջեցմանը, քանի որ յուրաքանչյուր միջնորդ իր շահույթն է ունենում: Այս փոքր քայլով բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին հնարավորություն ենք տալիս ավելորդ ծախսեր չկատարել, ինչը բերելու է հիվանդանոցններում մատուցվող ծառայությունների էժանացմանը»:

Երկրորդ փոփոխությունը  վերաբերում է ֆիզիկական անձանց: Հակոբյանը հիշեցրեց, որ գործող օրենքով ֆիզիկական անձը ՀՀ մտնելուց և դուրս գալուց իրավունք ունի  դեղ բերել կամ տանել՝ սեփական կարիքների համար: Օրենքի հեղինակներն առաջարկում են ֆիզիկական անձանց թույլ տալ Հայաստան բերել և Հայաստանից տանել դեղ 3 մարդու համար. . «Մենք հայ ենք, սովորություն ունենք մեր ընտանիքների անդամների և հարազատների համար դեղեր բերել կամ տանել: Սա կարևոր է հատկապես այն պատճառով, որ մեզ մոտ դեղերը թանկ են այլ երկրների հետ համեմատած: Մենք ուղղակի ուզում ենք, որ մարդիկ կարողանան իրենց երեխայի, ծնողի համար դեղ տանել կամ բերել: Մենք առաջարկում ենք մինչև  երկրորդ ընթերցումը հանել ծնող և երեխա բառերը՝ թողնելով միայն դրույթը, որի համաձայն դեղ կարելի կլինի տանել կամ բերել 3 մարդու համար՝ չնշելով, թե կոնկրետ ում համար»:

Հակոբյանը նաև հավելեց, որ կառավարությունը դեմ է նախագծին:

 

Նույն շարքից