Անկարան սիրիական Աֆրինը չի վերադարձնելու Դամասկոսին, քանի դեռ Սիրիայի նախագահն է Բաշար Ասադը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ թուրքական իշխանությունները շուտով Աֆրինը կվերադարձնեն Դամասկոսի վերահսկողությանը: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր այդ հայտարարությունը՝ նշելով, որ իրենք լավ գիտեն, թե երբ ու ում են վերադարձնելու քաղաքը:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Ասադը պետք է հեռանա. «Մենք աչք չունենք սիրիական հողերի վրա, սակայն այդ հողերը ներկա վարչակարգին չի վերադարձվելու: Սրանք սիրիական հողեր են, սակայն մենք ունենք մեր անհանգստության պատճառները, քանի որ սիրիական վարչակարգն այսօր կռվում է քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ, սակայն վաղը նրանց միջև կարող է ամեն ինչ լավ լինել»:
Ռուսաստանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը: