Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Լսումները կհրավիրվեն ԱԺ նախագահի թույլտվությամբ. Ընդդիմադիրները դեմ էին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 12-ին, խորհրդարանն ընդունեց «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի ԱԺՈ-267ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծն անցավ 60 կողմ, 31 ձայնով:

Փոփոխությունների արդյունքում, հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանի տեղեկացմամբ՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք կունենա ՀՀ ԱԺ նախագահը, առաջարկելու՝ ՀՀ ԱԺ խմբակցությունը: Նախատեսվում է լսումներ հրավիրելու մասին որոշումը տեղադրել ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին:

Քվեարկությունից առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, թե ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում իրենք կողմ են քվեարկել նախագծին, քանի որ պայմանավորվածություն է եղել ընդունել առաջարկությունները: Մարուքյանի խոսքերով, այս փոփոխություններով սահմանափակվում են լրագրողների իրավունքները, դրա համար ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու:
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ իրենք էլ են դեմ քվեարկելու:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ասաց, որ փոփոխությունները նպատակ ունեն վերացնել թերություններն ու բացթողումները, իսկ այն նախագիծը, որը ներկայացված է, համահունչ է իրենց նպատակներին: Ինչ վերաբերում է առաջարկ ունեցողներին, ապա նրանք կարող են առաջարկություններով հանդես գալ այլ նախագծով:

Նույն շարքից