Հասարակություն 

Հեստապարային ակումբների և սաունաների մասին օրենքն անցավ

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ձայների 89 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Նախագծով օրենսդրորեն սահմանվում են սահմանափակման ենթակա օբյեկտները՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա: Նախաձեռնության ընդունման դեպքում այս հաստատությունների տեղակայումը չի թույլատրվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքներում, կրթական, պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրելու է համայնքի ղեկավարը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը: Այս օբյեկտների տեղակայման հեռավորության թույլտվությունը տրամադրելու է համայնքի ավագանին: Նշված գործունեությամբ զբաղվելու համար կսահմանվեն պետական տուրքեր:

Տուգանքներ են սահմանվում հանրության անդորրը խախտելու համար: Առաջարկվում է բարձրացնել լռության ժամերի խախտման համար սահմանված տուգանքը: Լռության ժամերը կարող են լինել ժամը 22:00-ից մինչեւ 07: 00-ն, 23:00-ից մինչև 07:00-ն, 24:00-ից մինչև 07:00-ն: Տուգանքն այժմ 40.000 դրամ է, այն առաջարկվում է դարձնել սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ից 300-ապատիկ, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ:

Օբյեկտը տեղափոխելու համար տնտեսվարող սուբյեկտներին կտրվի մեկ տարի:

 

Նույն շարքից