Հայաստան Քաղաքական 

Քաղաքական դաշտում բոլորը ձգտում են իշխանության փող աշխատելու համար. Քոչարյան

Խնդիրը Սերժ Սարգսյանը չէ, այլ այն է, որ քաղաքական դաշտը փոշիացվեց: Դա արվեց տարիների ընթացքում, նպատակասլաց կերպով: Այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով այն մասին, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ անգամ նույն մարդն անընդմեջ դառնալու է երկրի ղեկավար:

Ըստ Քոչարյանի ստեղծվել է մի իրավիճակ, երբ ողջ քաղաքական դաշտը ձգտում է իշխանության, որի միջոցով փող կաշխատի. «Շատերին շահավետ է այս իրավիճակը: Մենք սուբյեկտիվ միջամտությունների շնորհիվ օբյեկտիվորեն հասել ենք նրան, ինչ ունենք»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք 2022 թվականին ունենալ գաղափարական պայքար, Քոչարյանն ասաց, թե նման բան չի տեսնում, սակայն չի էլ բացառում. «Ամեն դեպքում գալու է ինչ-որ սերունդ, որը փորձելու է կառուցել այն, ինչն իրեն է դուր գալիս, ոչ թե հարմարվել նրան, ինչը թելադրում են նախորդ սերունդները: Այդ սերունդը լավ իմաստով ագրեսիվ է: Այն կա, բայց չկա քաղաքականության մեջ: Այն ազատ մտածելակերպի սերունդը, որը չի ճանաչում սահմաններ, լայն է մտածում, դեռ չկա քաղաքականության մեջ, դրա համար ծիլերը դեռ չեմ տեսնում»:

Քոչարյանի խոսքերով միայն 88-ի պայքարն է եղել հանուն-ի, դրանից հետո միշտ եղել է ընդդեմ՝ տարբեր մարդկանց դեմ. «Ընդդեմ-ը քաղաքական դաշտի խնդիրն է: Ասում են, որ նա չլինի, բայց չեն ասում, թե ով պետք է լինի: Սա է խնդիրը, որը բերեց անվստահության, այդ թվում նաև ընդդիմության նկատմամբ: Էլիտա է պետք»:

Նույն շարքից