«Այն վայրենությունը, ինչը կատարվեց մեզ հետ, բացարձակ արցախցու հետ կապ չունի: Կգտնվեն մարդիկ, որ կխորացնեն այդ սեպը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, բայց կրկնում եմ, որ արցախցին այս ամենի հետ կապ չունի»,-այսօր հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ով Բերձորում տեղի ունեցած դեպքերից հետո առաջին անգամ էր հանդիպում լրագրողների հետ:
Սեֆիլյանը հունվարի 31-ին Նախախորհրդարանի հետ կատարված դեպքերը ներկայացրեց հենց սկզբից , նշելով, որ մինչև Արցախ մեկնելը Ստեփանակերտից կապվել են իրենց հետ և համոզել, որպեսզի ավտոերթ չիրականացվի. «Մինչև մեկնելը արդեն մեզ վրա գեղի մակարդակով հարձակումներ էին սկսել մեր գործն ու երթը սևացնող որոշ գրչակներ ու քննադատներ՝ որպեսզի հրաժարվենք այդ երթից…Տեղի ոստիկանապետը խնդրում էր, որ մտքափոխվենք. մենք ասում էինք՝ հնարավոր չէ: Հետո մեզ տեղեկացրեցին, որ Բակո Սահակյանը համաձայն է ավտոերթին մեկ պայմանով, որ իրազեկումը ուղիղ եթերով լինի: Ամեն դեպքում, հարգեցինք այդ որոշումը և մեկնեցինք: Երբ հասանք տեղ, Բ.Սահակյանը ժխտեց իր ասածը և սկսեց հիմնավորումներ բերել, թե ինչու մենք պետք է այդ երթը չիրականացնենք: Հասկացանք, որ նա սուտ է խոսում և մեզ խաբել են…Այսքանից հետո ակնհայտ էր, որ գործ ունենք մի կառավարման հետ, որը ադեկվատ չէ իր գործողություններում»,-ասաց Սեֆիլյանը՝ նշելով, որ այդ հանդիպման ժամանակ հարց է ուղղել ԼՂՀ իշխանության ներկայացուցիչներին՝ ձեզ համար կարևոր է խան Սերժ Սարգսյանը, թե՞ Արցախի իմիջը:
Անդրադառնալով հունվարի 31-ի Բերձորում տեղի ունեցած բուն դեպքերին, ասաց, որ տեղի ոստիկաններն իրենց համար իսկական ծուղակ էին նախապատրաստել.«Ես հիշեցի պատերազմի օրերը՝ դեմքերը փակած, խմբերով թաքնված բլրկաների վրա, զենքերը հետևներում պահած…Երբ իմացա ինչու են փակել, նշան արեցի, որ անմիջապես ետ շրջվենք. մենք շրջվեցինք, քանի որ ես գիտեի, թե ինչ մատերիալի և ինչ նյութի հետ գործ ունեմ և ինչ կարող է լինել…այդ ժամանակ էլ սկսեցին թիկունքիցս հարվածել»:
Հարցին, թե ինչու որոշեցին Արցախ մեկնել, ո՞րն էր նպատակը, պարոն Սեֆիլյանն ասաց, որ գլխավոր պատճառը մեկն էր՝ Արցախը կորցնելու վտանգը. «փորձում էինք օր առաջ իրազեկել մարդկանց այդ վտանգի մասին, որպեսզի համախմբվենք և որոշենք մեր հետագա անելիքները»:
Հարցին, թե երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա շատ էր օգտագործում հակառակորդ բառը, արդյոք ում նկատի ուներ, ասաց. «Հակառակորդ բառը պատահական չի ասվել: Ի՞նչ անուն տաս այն երույթին, երբ գործող ռեժիմ արտագաղթ է իրականացնում՝ մարդկանց երկրից հանելով, մի՞թե դա ցեղասպանություն չէ, ո՞րն է տարբերությունը: Նման բան միայն հակառակորդը կարող է իրեն թույլ տալ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում