Հայաստան 

Ակցիա դատախազության դիմաց. պահանջեցին հրապարակել Պերմյակովի գործով ՌԴ դատախազին ուղղված նամակը. տեսանյութ

analitik.am

«Միանում եմ» նախաձեռնությունն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց պիկետ անցկացրեց՝ պահանջելով հրապարակել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազին ուղղված՝ Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազային ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հանձնելու դիմումը, գրում է tert.am-ը:

«ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում ենք՝ գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղղված դիմումի պատասխանը, տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահ մարմիններին, տալ երաշխիքներ, որ մեղավորները կամ մեղավորը պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ: Կոչ ենք անում առաջնորդվել իրավական կատեգորիաներով, ոչ թե տղամարդու խոստումներով, առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ»-ասված է պահանջում:

Նախաձեռնության անդամ Գևորգ Սանոյանը նշեց, որ տեքստին ծանոթ չլինելը շատ հարցեր է առաջացնում, իսկ ՌԴ-ից եկող արձագանքը անհասկանալի է:

«Օրենքի շրջանակներում բոլոր հնարավոր ձևերով մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու: Այս պահին հիմնական կոնտակտ անձը դատախազն է, այդ պատճառով մեր պահանջը սկսում ենք այստեղից»,-ասաց նա։

Վաղինակ Շուշանյանն էլ նշեց, որ իրենք այն կարծիքին են, որ սպանությունը մեկ հոգու ձեռքի գործը չէ

«Մեզ չի բավարարում այն, որ նա միջնորդություն է ներկայացրել վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու: Ներկայումս այնպիսի դրություն է ստեղծվել, որ ժողովրդի մեծամասնությունը չի հավատում նման հայտարարություններին: Մենք պահանջում ենք հրապարակայնացնել»,-ասաց Շուշանյանը:

Հարցին, քննչական գործողությունները ինչպե՞ս են գնահատում, նա պատասխանեց, որ որևէ լուսաբանում չի եղել և հնարավոր չէ դրանք որևէ կերպ մեկնաբանել:

Նախաձեռնության անդամները նամակը հանձնեցին և հեռացան:

 

Նույն շարքից