Ազատազրկված կանանց հետ աշխատանքի նրբությունների ՔԿՀ-ում աշխատանքի առանձնահատկությունների և մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի հետ:
Տիկին Վարդանյան, որո՞նք են քրեակատարողական համակարգի նրբությունները, ի՞նչ առաջնահերթություններ կան այս աշխատանքում:
Քրեակատարողական համակարգը միայն դրսից կարող է թվալ ուժային, կոշտ: Նման կարծիք ձևավորվելուն նպաստում է նաև այն կարևոր խնդիրը, որն իրականացնում է համակարգը, այն է քրեական պատժի կատարումը: Քիչ նկատելի են այն նրբությունները, որոնք բնորոշ են համակարգին և ազատազրկման դատապարտված անձանց շրջանում իրականացվող աշխատանքներին:
Թող տարօրինակ չթվա, բայց մեր աշխատանքում առաջնային կարևոր են այնպիսի համամարդկային համընդհանուր սկզբունքները, ինչպիսին են մարդասիրությունը, օրենքի առջև դատապարտյալների հավասարությունը, անհատական մոտեցումներն ու աշխատանքը, պատժի և ուղղման միջոցների զուգակցումը: Կալանավորված անձանց հետ աշխատանքներում ավելացնենք՝ անմեղության կանխավարկածի առկայությունը:
Անկախ կատարած հանցագործությունից՝ մենք դատապարտյալին ընդունում ենք ՔԿՀ, ապահովում կոմունալ, կենցաղային անհրաժեշտ պայմաններով, սնունդով, բավարարում ենք սանիտարահիգիենիկ պահանջմունքները, բուժում ենք, ազատում ենք պատժի կրումից և այլն: Դատապարտյալների հետ աշխատանքներում չկան մանր ու մեծ հարցեր: Բոլոր հարցերը պահանջում են ուշադիր վերաբերմունք, որովհետև նույնիսկ փոքր թվացող հարցն անուշադրության մատնելու դեպքում կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:
Իհարկե, այստեղ պետք է շեշտեմ, որ կին և անչափահաս դատապարտյալների հետ աշխատանքները պահանջում են կրկնակի հոգատարություն և ուշադրություն: Պետք է հիշել, որ ի վերջո նրանք պետք է վերադառնան հասարակություն: Եվ որքան ֆիզիկական, հոգեկան ու մտավոր նորմալ վիճակում լինի այդ վերադարձը, այնքան կշահի հասարակությունը, ինչու չէ՝ նաև պետությունը: Շատ եմ կարևորում ազատվածների նկատմամբ պետության և հասարակության հոգատար և սրտացավ վերաբերմունքն ու աջակցությունը:
Կներկայացնեք մի փոքր ազատազրկվածների հետ շփման առանձնահատկությունները:
Ազատազրկվածների հետ աշխատանքները սկսվում են նրանց ՔԿՀ գալու առաջին իսկ պահից: Պատկերացրեք մարդը` կինը զրկվել է ազատությունից, հեռացել ընտանիքից, երեխաներից, ինչ սթրեսի է նա ենթարկվում: Էլ չասեմ, որ ազատազրկման պայմաններում կրկնակի սրվում են զգացմունքները, կարոտը: Ցանկացած անհոգի, անուշադիր վերաբերմունք կարող է ծնել ատելություն, թշնամություն, լուրջ անջրպետ առաջացնել հետագա աշխատանքների համար: Մյուս կողմից՝ դատապարտյալի մոտ սրվում է էգոիզմը, գործի են դրվում ինքնապաշպանական մեխանիզմները` հաճախ դրսևորելով նաև անթույլատրելի վարքագիծ: Նման իրավիճակում շատ կարևոր է հոգատար և ուշադիր վերաբերմունքը, պատժի կատարումը տարբերակելու և անհատականացնելու սկզբունքի ճիշտ կիրառումը:
Ինչպիսի՞ն են ՔԿՀ պատասխանատու աշխատակից-ազատազրկված անձ մարդկային և աշխատանքային հարաբերությունները:
Շատ կարևոր է ՔԿՀ պատասխանատու աշխատակիցների և ազատազրկված անձանց հետ աշխատանքային հարաբերությունները կառուցել օրենքի և օրենքի առջև բոլոր ազատազրկվածների հավասարության սկզբունքի հիման վրա:
Ազատազրկվածը չպետք է արժանանա անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Անթույլատրելի են այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել անձի սոցիալ-հոգեբանական հետընթացին:
Սա է իմ որդեգրած քաղաքականությունը, իսկ ՔԿՀ-ում, իմ կարծիքով, ազատազրկվածների հետ աշխատանքներում բոլորը պաշտոնատար անձինք են, որովհետև նույնիսկ ամենացածր պաշտոն զբաղեցնող անձի կողմից թույլ տված սխալը կարող է մեծ, անցանկալի հետևանք ունենալ:
Իմ կարծիքով՝ ազատազրկվածների հետ աշխատանքները պետք է հիմնված լինեն մարդկայնության ու մարդասիրության սկզբունքների վրա:
Ասացիք, որ կանանց և երեխաների նկատմամբ պետք է շատ ավելի ուշադիր լինել, մի փոքր նկարագրեք ազատազրկված կանանց հետ աշխատանքի առանձնահատկությունները:
Դատապարտյալ կանայք, որպես կանոն, ավելի ծանր են տանում ազատազրկումը: Առանձին դեպքերում հոգեբանական անկումը, սթրեսային վիճակը լրացուցիչ դժվարություններ են ստեղծում: Շատ կարևոր է կարողանալ թույլ չտալ, որ նման վնասակար որակներ ձևավորվեն նրանց բնավորության մեջ: Կարևոր է կին դատապարտյալների հոգեբանական, ուղղման և սոցիալական վերականգնման, ինչպես նաև նրանցում օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով իրականացնել ամենօրյա համալիր աշխատանքներ, հարգել իրավունքները /չմոռանալով պարտականությունների կատարման մասին/, կանացի արժանապատվությունը: Կինը նաև ազատազրկման վայրում պետք է հարգալից վերաբերմունքի արժանանա:
Մեծ նշանակություն ունի արտաքին աշխարհի, ընտանիքի, երեխաների հետ կապը, նրանց դրական ազդեցությունն առողջ կենսակերպի ամրապնդման գործում:
Մեծ նշանակություն ունի նաև օգտակար զբաղվածության ապահովումը. աշխատանք, ուսումնական, մշակույթային, հոգևոր միջոցառումների կազմակերպում և այլն: