Եթե ԱՄՆ-ը հարվածի Սիրիային և արդյունքում ռուս զինվորներ զոհվեն, լուրջ հետևանքներ կլինեն, կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ Սիրիայում մի շարք պետությունների շահեր են բախվում, իրավիճակը խիստ լարված է, իսկ ամերիկյան հնարավոր հարվածը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ:
Ինչ վերաբերում է Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մասին հայտարարություններին, Սարգսյանը նշեց, թե կարծիք կա, որ դա ձեռնտու չէ Ասադին, քանի որ Սիրիայի նախագահը աստիճանաբար ազատագրում է իր երկիրը: Դրան հակառակ արևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ Ասադը գնացել է նման քայլի, ինչի պատճառով էլ ԱՄՆ-ը և դաշնակիցները ցանկանում են հարվածել Սիրիային:
Քաղաքագետը անդրադարձավ նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ դրանք որակելով որպես սառը պատերազմ:
Սարգսյանը նաև հիշեցրեց այն մասին, որ այս գիշեր ամերիկյան օդանավերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայում ռուսական ռազմաբազայի երկնքում, իսկ Ռուսաստանը մարտական բարձր պատրաստության է բերել Սիրիայում գտնվող իր զորքերը, հետևաբար ռազմական ուժի կիրառումը չի բացառվում: