ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, որևէ բան իրենց և դաշինքի կողմից արված հայտարարություններում չի փոխվել: Նա այս մասին ասել է «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում:
«Մեր չմիանալու պատճառը մենք բացատրել ենք: Եվ ես կարծում եմ, որ լուրջ քննադատության ենք արժանացել այդ պատճառով: Այս պահին չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ»,- ասել է նա:
Հարցին, թե ինքն անօրինական համարո՞ւմ է շենքերը պաշարելը, ինչպես ցանկանում է անել Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը նշեց. «Գտնում եմ, որ իմ գործընկերները կվարվեն օրենքի սահմաններում»։
Այն հարցին, թե արդյոք վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ վարչապետի թեկնածու առաջադրելն իրենց մասնակցային և հակակշիռ ստեղծելու առաքելությունն իրականացնելու վարքագծից է ելնում.«Դա դաշինքն է քննարկել, բայց երբ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց այլ ճանապարհային քարտեզով շարժվել, այդ քննարկումն արդեն արդիական չմնաց»,- ասաց նա։
Ըստ Թանդիլյանի՝ այս պահին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին քննարկում չկա նաև Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև:
Լրագրողի այն դիտարկմանը, թե փողոց դուրս չեն գալիս, թեկնածու չեն առաջադրում, «Ելքի» տեսակետը, որ թույլ չտալ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնա, ինչպե՞ս է իրականացվելու, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Մեր առաջարկը, թե ինչպես վարվել, բխել է հենց վարչապետի թեկնածու առաջարկելով, փողոցային կոմպոնենտով: Այսինքն՝ «Լուսավոր Հայաստանը» «Ելք» դաշինքի շրջանակներում առաջարկել էր որոշակի քայլեր, որոնք բացառապես կոնսեսնսուսային տարբերակ էին նախատեսում դա իրականացնելու համար: Բայց, քանի որ դա իրողություն չի դարձել, և կոնսենսուսային լուծում չի գտնվել, մեր գործընկերը իր սեպարատ քայլով է որոշել գործողություն իրականացնել, մենք«Ելքից» դուրս գործողություն չենք ընդունում»:
Դաշինքում նորից համախմբվածության հնարավորության մասին, Թանդիլյանն ասաց, որ ընդհանրապես անհնար ոչինչ չկա: