Գլխավոր Հասարակություն 

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիների պայքարը. Օրվա ամփոփում

analitik.am

Դեռևս մարտի 31-ին սկսված Նիկոլ  Փաշինյանի նախաձեռնությունը, որի նպատակն է խանգարել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելը,  իր հիմանկանում զարգացումն ունեցավ այսօր՝ ապրիլի 16-ին:

Այսօր առավոտյան՝ 08:00-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անում է իր քայլը և կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց, իջնել մեքենաներից, վարորդներին՝ կանգնեցնել իրենց մեքենաները և միանալ իրենց:

Դավիթ Սանասարյանն իր հերթին որպես բարիկադ քարշ տալով բերեց նստարանը: Ցուցարարները հետևեցին Սանասարյանի քայլին և նոր նստարաններ տեղափոխեցին դեպի Բաղրամյան պողոտա: Բաղրամյան պողոտան ամբողջովին խցանվեց:

Այնուհետև մի խումբ ցուցարարներ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ փորձեցին  խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը, ինչը  ոստիկանները թույլ չտվեցին:

Սրան հաջորդեց այն, որ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց  համակիրներին պառկել ավտոբուսների դիմաց: Նա անձամբ դիմեց վարորդներին՝ հորդորելով անջատել մեքենաների շարժիչները և միանալ իրենց:

Մինչ Փաշինյանը հատուկ ուղերձով դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ պայքարը ոչ բռնի քաղաքական պայքարի շրջանակներում է,  Երիտասարդական մետրոյի մոտից ուսանողները շարժվեցին դեպի Աբովյան պուրակ` իրենց հետևից աղբի մեծ տարաներով փորձելով փակել փողոցը: Աբովյան փողոցի մոտակայքում էլ նրանք փորձեցին շրջափակման մեջ վերցնել 46 համարի երթուղայինը, սակայն  վարորդն ասաց, որ իրենք չեն միանա ուսանողներին, միայն մի քանի հոգի իջան, իսկ «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը չկանգնեցրեց մեքենան՝ ճեղքելով ուսանողները պատնեշը շարժվեց առաջ:


Աբովյան պուրակի մոտ՝ հենց Բժշկական համալսարանի մոտակայքում գտնվող ուսանողներին միացան  2 վարորդ՝ հենց փողոցի մեջտեղում թողնելով մեքենաները: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային հետևից հարվածեց BMW-ի վարորդը:

Իրավիճակը գնալով լարվում էր՝  վարորդներից շատերը բարկացած էին, իսկ  ուսանողները չէին ցանկանում բացել ճանապարհը:

Որոշ ժամանակ անց Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցների մուտքերը փակվեցին:   Քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներում երթևեկությունը կաթվածահար էր եղել, ակցիաներ էին անում կամուրջների վրա, մետրոյի կայարաններում:

Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայից սկսեց բարձրանալ  դեպի Ազգային ժողովի շենք: Նա հայտարարեց, որ ակցիայի  մասշտաբներից գոհ է, իշխանափոխության հասնելու համար բավական մարդ է հավաքվել, իշխանափոխություն անելու հարթակը տրամադրված է, մնում է` քաղաքացիներն իրենց քայլն անեն։ Բաղրամյանին ԱԺ-ի մոտ մեծ թվով քաղաքացիներ դիմավորեցին, սակայն նրանց ոստիկանական ուժերը թույլ չէին տալիս մոտենալ ԱԺ շենքի մոտ:

Փաշինյանը հանձնարարեց որևէ ոստիկանի վատ բան չասել:

Այս ընթացքում Աբովյան-Կորյուն խաչմերուկում քաղաքացիների միջև վիճաբանություն սկսվեց՝ մի տղամարդ, ով աշխատանքի էր շտապում, պահանջում էր, որ ցուցարարները բացեն փողոցը, սակայն ցուցարարները հրաժարվում էին դա անել: Ոստիկանները միջամտեցին՝ փորձելով հարթել կոնֆլիկտը, տղարամրդը չէր հանգստանում՝ պնդելով, որ շտապում է աշխատանքի:

Այս վիճաբանությունից որոշ ժամանակ անց ուսանողներին միացավ դերասան Հայկ Մարությանը, ով հայտարարեց, որ միանում է բոլոր այն պայքարներին, որոնք երկիրը տանում են դեպի լավը՝ նշելով մի շարք խնդիրների մասին, որոնք կան Հայաստանում:

Որոշ ժամանակ այց Կորյուն փողոցի վրա բախում տեղի ունեցավ քաղաքացիների միջև՝ Mercedes G մակնիշի սև մեքենան ճեղքեց ցուցարարների պատնեշը, մարդիկ դուրս եկան մեքենաներից և սկսեցին հրել քաղաքացիներին՝ փորձելով բացել ճանապարհը: Ազդանշան էին տալիս, փորձում էին ցուցարարներին հեռացնել՝ մեքենան նրանց վրա վարելով:

Քաղաքացիների միջև ծեծկռտուք սկսվեց, որը  չկանխվեց ոստիկանների կողմից՝ ինչպես  հայտարարեց «Իրազեկ քաղաքացի միավորում» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը.. «Մարդկանց ծեծում են, վրաերթի են ենթարկում ձեր աչքի դեմը, դուք կողքից կանգնած դիտորդի դերում ենք, լրագրո՞ղ եք, թե՞ ոստիկան: Ո՞ւր է ոստիկանությունը»:

Ի պատասխան ոստիկանն արձագանքեց.  «Դրա համար մենք այդքան ասում ենք՝ մի՛ գնացեք ընդհարման»:

Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ քայլեց դեպի  Կորյուն փողոց, մի պահ կանգ առավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ։ Նրանք շարունակեցին քայլել դեպի Հերացի փողոց, որտեղ բախում էր տեղի ունեցել:  Անցնելով համալսարանների մոտով՝ կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց:


Ճանապարհին Փաշինյանն իր կողմնակիցների հետ միասին վեր պարզած ձեռքերով ճեղքեցին  ոստիկանական պատնեշը և առաջ շարժվեցին:

Հաջորդ միջադեպը տեղի ունեցավ Նալբանդյան փողոցում, որտեղ նույնպես ցուցարարներին հաջողվեց ճեղքել պատնեշը, իսկ Փաշինյանն էլ այն հարցին, թե արդյոք չի վնասվել, պատասխանեց, որ ոստիկաններն իր եղբայրներն են, չեն կարող իրեն վնասել:

Ցուցարարները, անցնելով  Նալբանդյան–Վարդանանց փողոցներով հասան Խանջյան և փակեցին փողոցը, որտեղ մի փոքր հանգստացան՝ փակելով փողոցը և շարժվեցին դեպի Մանկավարժական համալսարան, որի շենք մուտք գործելուց հետո Փաշինյանը հայտարարեց. «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ քաղաքացու հաղթանակի ժամը եկել է, քո հաղթանակի ժամը եկել է: Մենք կոչ ենք անում ձեզ դուրս գալ»:

Ցուցարարները վանկարկեցին  «դա-սա-դուլ»: Նրանք բարձրացան բուհի հարկերով և բոլոր հարկերում հորդորեցին, որ միանան իրենց, «տեր կանգնեն իշխանությանը»:

Այնուհետև  Գրիգոր Լուսավորիչ փողոցով ցուցարարները  շարժվեցին  դեպի Մաշտոց պողոտա: Այս ընթացքում Փաշինյանին տեղեկացրեցին, որ Հաղթանակի կամրջի վրա քարշակ է բերվել, որպեսզի տարհանվի կայանված մեքենաները: Ցույցի մասնակիցները, շեղվելով  նախապես հայտարարված ճանապարհից,  հասան Հաղթանակի կամուրջի մոտ։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ գնան և ծակեն քարշակի անիվները: Սակայն ավելի ուշ նկատեց, որ ափսոս են քարշակի անիվերը, որոնք գնվում են ՀՀ հարկատուներին հաշվին, և կոչ արեց ոչ թե վնասել դրանք, այլ պարզապես «օդը բաց թողնել»։

Փաշինյանը նորից ոստիկաններին իր եղբայրներն անվանեց և շարժվեց առաջ՝ կոչ անելով Բաղրամյանում և Կորյուն-Հերացի փողոցների մոտ կանգնած երիտասարդներին սնունդ և ջուր հասցնել:

Որոշ ժամանակ անց վերականգնվեց Հաղթանակ կամրջի գործունեությունը, իսկ ցուցարարներն էլ, անցնելով Լեոյի և Սարյան փողոցները, հասան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ոստիկանության կողմից պատնեշ էր կազմվել:

Որևէ մեկը չպետք է մնա իր տանը. Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց նախաձեռնության անդամներից Արմեն Գրիգորյանը: Նա նաև  նշեց, որ իրենց են միանում նոր մարդիկ, ակցիաներ են անցկացվում նաև Վանաձորում և Գյումրիում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ 11 տարի աշխատել է Երևանի պետական համալսարանում և հպարտ է, որ դաստիարակել է ուսանող, որը տեր է կանգնելու իր պետությանը։

Ֆրանսիայի հրապարակում  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և  նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը բանակցեցին ոստիկանական շարասյունը 1 մետր առաջ տանելու հետ կապված:

Այս ընթացքում ելույթ ունեցավ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ով նշեց, որ բոլորն էլ լավ գիտեն` մեր երկիրը կոռումպացված է և տիրում է անարդարություն:

«Քաղաքացիները պետք է անձնազոհության դիմեն, մնան փողոցում սառնամանիքին քնեն և արթնանան և պայքարեն հանուն սեփական պետության իդեալին: Եկեք կանգնեք ոտքի և կառուցենք մեր երազանքների երկիրը, որտեղ կիշխի ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը որտեղ ոչ թե ժողովուրդը կվախենա իշխանությունից, այլ իշխանությունը կվախենա սեփական ժողովրդից»,-ասաց նա:

ԱԺ Ելք  խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ ասաց,  որ ժողովուրդը դուրս չի գա փողոց, ՀՀ ազատ քաղաքացին հիմա փողոցում է. «Նրանք, ովքեր աշխատավայրում և տներում էին և չէին հավատում, որ սրանք քաղաքական ակցիաներ չեն... սիրելիներս, սա իշխանափոխության գործընթաց է, ռեալ, իրատեսական տեղի ունեցող գործընթաց է, եկեք, հիմա է ժամանակը»:

Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ նաև  Նիկոլ Փաշինյանը, ով  նշեց, որ երեկ երեկոյան, երբ  ձեռնարկում էին «փակիր փողոցը»  շատերը թերահավատորեն էին մոտենում դրան, բայց ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք գիտեն, որ ՀՀ ապագան կանգնած է մեկ մարդուց և այդ մեկ մարդը` դու ես:

«Ես ուզում եմ հարգանքի և խոնարհումի տուրքս մատուցել մեր ուսանողներին, ովքեր դուրս եկան փողոց և տեր կանգնեցին իրենց հաղթանակին, տեր կանգնեցին իրենց իրավունքին, իրենց հայրենիքին»,-ասաց նա՝ հարգանքի տուրք մատուցելով  այն մարդկանց, ովքեր փակեցին Արշակունյաց պողոտան, Թումանյան պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը, Ազատության պողոտան, Օրբելին, Կոմիտասը և մյուս փողոցները:

Փաշինյանը հերթական անգամ նշեց, որ ոստիկաններն իր եղբայրներն են:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, որ ուսանողությունը կանգնած է, անիմաստ է ուսանողների դեմ պայքարել, որովհետև կա պահանջ. «88թ. սկսած մեր պայքարը, մեր ազատամարտի մասնակիցները կարողացան հասնել հաղթանակի: Մենք թուրքին, ադրբեջանցուն ծնկի բերեցինք: Նման ժողովրդին նման ապրելակերպ վայել չէ»:

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշեց, որ   ոչ մի ոստիկանի նկատմամբ բռնություն չեն գործադրել և չեն գործադրի: «Եթե անգամ նրանք փորձեն խփել մեզ, ժպտացեք, ասեք նրանց` եղբայր իմ, մենք ձեր ժողովուրդն ենք»:

Փաշինյանը  նշեց, որ այսօր բոլոր ոստիկաններից ներողություն է խնդրել, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանք ակցիայի պատճառով ստիպված են կրկնակի ավելի ծառայություն մատուցել և օրերով տուն չգնալ:

Ցուցարարների և ոստիկանների միջև առաջին բախումը տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, որտեղ ցուցարարներին հաջողվեց հետ տանել ոստիկանական պատը: Ոստիկանության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի հետևից նոր ուժեր բերեցին: Բաղրամյանի վրա տեղադրված էր նաև փշալար:

Ցուցարարները, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, սկսեցին աղբամաններ նետել: Փաշինյանը բանակցեց   Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ` ասելով, որ ուզում են անցնել դեպի Ազգային ժողով: Օսիպյանը թույլ չտվեց՝ ասելով, որ իրենք դեմ են բռնության, իսկ այդպիսով նա բռնության է հրահրում ժողովրդին:

Ակտիվիստները սկսեցին փայտեր կիրառել՝ Բաղրամյան փողոցի վրա տեղադրված մետաղական փշալարերը ճեղքելու համար՝ վանկարկելով  «ոստիկան, միացի՛ր»:

Փաշինյանն անձամբ փորձեց ճեղքել փշալարերն ու անցնել այն կողմ: Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ:

Որո ժամանակ անց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանական մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Վերջինս վնասվածքներ էր  ստացել ձեռքերի և դեմքի շրջանում: Բախումները դադարել էին, սակայն կային տուժած քաղաքացիներ, ինչպես նաև խնդիրն այն էր, որ շտապ օգնության մեքենաները չէին  կարողանում  մոտենալ:


Հայաստանի փոխոստիկանապես Լևոն Երանոսյանը գնաց Բաղրամյան պողոտա, որից հետո  փշալարերից այն կողմ գտնվող ոստիկանները հատուկ հակագազային դիմակներ հագան: Ոստիկանությունը նախազգուշացրեց, որ կա ցույցը ցրելու որոշում:

Այս ընթացքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն, քերծվածք են: Հայտնի դարձավ, որ Նաիրի ԲԿ է տեղափոխվել նաև 3 ոստիկան: Նրանցից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ թեթև:

Մինչ Բաղրամյան պողոտայում դեպքեր էին ծավալվում, Երևանի փակված կենտրոնական փողոցները հիմնականում բացվեցին:

Կարճ ժամանակ անց Փաշինյանին դուրս գրեցին հիվանդանոցին: Վերջինս շարժվբեց դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին  «Ելք» խմբակցության պատգամավորները` Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և Գևորգ Գեորգիսյանը։

«Ելք» խմբակցության պատգամավորները միմյանց դիմավորեցին համբույրով, և նրանց մուտքը ցուցարարներն ընդունեցին ծափողջյուններով: «Շուտ պետք է գայիք, բայց էլի գոհ ենք»,-նշեց ցուցարարներից մեկը:

Մարուքյանն ասաց, որ իրենք ասել էին, որ եթե  բռնություն կլինի՝ կգան, դրա համար էլ եկել են, բայց կմիանան, թե ոչ, դեռևս կորոշեն:

Փաշինյանն էլ ասաց, որ շատ ուրախ է, որ ընկերները այստեղ են:

Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հարցրեց. «դուխներդ տեղն է՞»: Հավաքվածները արձագանքեցին  ծափողջյուններով և «Նի-կոլ» վանկարկումներով:

Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվում է Բաղրամյան պողոտա:

Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ բախումների արդյունքում  Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։

Փաշինյանն էլ հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում հենց փշալարերի դիմաց հանրահավաք է տեղի ունենալու:

Փաշինյանը գնաց  Բաղրամյան պողոտայում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ՝ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի և «Ելք» խմբակցության մյուս պատգամավորների հետ քննարկում անցկացնելու համար,  որի ավարտից հետո հայտարարեց, որ մյուս պատգամավորների  պայքարին միանալու  հարցը դեռ չի քննարկվել:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքի անցակցման համար անհրաժեշտ տեխնիկան դժվար է բարձրացնել Բաղրամյան պողոտա, ուստի հանրահավաքը սկսվեց Ֆրանսիայի հրապարակում, որտեղ էլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվեցին ցուցարարները:

Մինչ հանրահավաքը կսկսվեր, ՀՀ Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն էլ  այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով։ Լևոն Ալթունյանին ներկայացվել է, որ տուժածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իրականացվում է նրանց շարունակական հսկողություն։

Նշվեց, որ քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։  Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա նրանցից  մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետների գնահատմամբ նրա վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը։

Այս պահին ցույցը շարունակվում է

 

Նույն շարքից