Հայաստան Քաղաքականություն 

Փառք Աստծո այստեղ չկա. Սերժ Սարգսյանն իր նկարի մասին

analitik.am

ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ վերջին ելույթն ունեցավ վարչապետի կոալիցիոն թեկնածու Սերժ Սարգսյանը, ով նշեց, որ շատ բանի հետ, որ ասվեց համաձայն է՝ թե քննադատության, թե սատարող ուղերձների: Նշեց նաև, որ հնչած մտքերից մի քանիսի հետ էլ համաձայն չէ. «Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում էլ ձևակերպումներ կան, որոնք, մեղմ ասած, արդար չեն»:

Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու համար: Խոսեց բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնելու , պարզ ճակատով միջազգային հարթակում կանգնելու և գործընկերների աչքերին ուղիղ նայելու մասին. «Անցած 10 տարին բոլորիս ճանապարհն է, միայն Սերժ Սարգսյանի ճանապարհը չէ»:

Սարգսյանը նաև տարօրինակ համարեց այն, թե ինչու են ասում, որ կառավարման 3-րդ ժամկետին են դեմ, քանի որ փաստացի սա իր կառավարման 4-րդ ժամկետն է՝ հիշեցնելով, որ մինչև նախագահ դառնալը եղել է ՀՀ վարչապետ. «Կառավարման ողջ փիլիսոփայությունն ենք փոխել , առավելագույնը երկու տարի հետո վստահ եմ, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած վարչապետին կարելի է դիտարկել կիսանաախագահական համակարգի նախագահին հավասար մեկը: Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն , որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարումը, այն անհամեմատելի է կիսանախագահական համակարգի նախագահի հետ: Այլևս չկա մարդու իշխանություն, մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ»,- նշեց նա:

Սարգսյանը կարևորեց այսօրվա նիստը, երբ խորհրդարանն ընտրում է պառլամենտական երկրի վարչապետին՝ նշելով, որ տարիներ պետք կգա, որ այս գործընթացներն ավանդույթի ուժ ստանան: Նա նաև շնորհակալություն հայտնեց քաղաքական կոալիցիայի և քաղաքական ընդդիմության պատգամավորներին քննարկման համար. «Հայցում եմ բոլորիդ՝ այդ թվում ընդդիմության քվեն, դա կլինի քվե հանուն քաղաքական տրամաբանության, հանուն տրամաբանված կայունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախապայմանն է»:

ՀՀԿ առաջնորդը նաև անդրադարձավ Արամ Սարգսյանի ելույթին՝ ասելով, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի վերջինիս նկատմամբ, և որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի հույզերից, երազանքներից:

Մարուքյանին նույնպես շնորհակալություն հայտնեց Սարգսյանը. «Շնորհակալություն պարոն Մարուքյանին, շնորհակալ եմ, որ այս ամբիոնից համոզիչ ապացուցեցիք, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, ապացուցեցիք՝ ցույց տալով նկարը, փառք Աստծո, որ այստեղ այն չկա, այլևս չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Շատ շնորհակալ եմ նաև բարի գալուստի համար, որպեսզի մենք ապրենք, լուսավոր, բարգավաճ, օրենքի, արդար Հայաստանում, անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ դրանք չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,-եզրափակեց իր խոսքը Սերժ Սարգսյանը:

Նույն շարքից