Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան. Սերժ Սարգսյանի 3 խորհուրդները ԵԼՔ-ին

analitik.am

ԱԺ հատուկ նիստի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը.

«ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, շնորհակալ եմ ՀՀԿ և ՀՅԴ իմ գործընկերներին վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու և ԱԺ-ում պաշտպանելու համար: Որպես քաղաքական կոալիցիա լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել, պատրաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի համար ավելի որակյալ պայմաններ առաջարկելու համար»:

Սարգսյանը Ծառուկյան դաշինքի պատգամավորներին նույնպես շնորհակալություն հայտնեց. «Դուք կարողացել եք վեր կանգնել «մենք ամեն ինչին դեմ ենք կամ միշտ պետք է դեմ քվեարկենք» պարզունակ գործելաոճից: Անհրաժեշտ պահերին ձեր գործելաոճի հիմքում դրել եք ոչ թե կուսակցական, այլ պետական շահը, հենց սա գիտակցելով է, որ ձեր քննադատությունը դիտարկվում է որպես անաչառ և ստիպում քաղաքականություն իրականացնողներին առաջնային ուշադրություն դարձնել դրան: Իշխանությունը մշտապես իր մեջքին զգում է ձեր աչալուրջ շնչառությունը և դա իսկապես սթափեցնող է»:

Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵԼՔ դաշինքի գործընկերներին. «Ակտիվ պառլամենտարիզմը կարող է կայանալ միայն ամենօրյա աշխատանքով, մտքերի ու մոտեցումների բախմամբ, համատեղ բարդույթներից զերծ աշխատանքով և մշտապես սովորելով: Շնորհակալ եմ Ձեր դերակատարության համար: Սահմանադրությամբ պահանջվող՝ այսուհետ մենք անմիջական շփումների շատ ու շատ առիթներ ենք ունենալու, հուսով եմ, որ արագ հաղթահարվելու են առկա շատ թյուրըմբռնումները և կաղապարված պատկերացումները, որոնք կան և, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, մենք լավ բարեկամներ ենք դառնալու»,- նշեց նա:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեք խորհուրդ տվեց ԵԼՔ դաշինքին.

«Խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից: Պետք է ունակություն ունենալ լսել: Այդ բարդույքը դրսևորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց՝ պատասխան ստանալու ակնկալիքով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ, և սա վատ է: Դա ձեզ համար նաև օգտակար կլինի, իրոք, տեղյակ կլինեք իրավիճակին: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու ...չգիտեմ, բարդույթի մեջ, բայց այդ բարդույթը , աչքիս, ձեզ ոնց որ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք, չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից, չհասկանալով, որ պրծավ, վերջ, սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը, և երբ որ սովորենք հարգել առաջին հերթին սահմանադրությունը, այն ժամանակ մեր գործերը նորմալ են գնալու:

Երկրորդ՝ իմ շատ երիտասարդ գործընկերոջը, որ տեսնում եմ քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով, հասկանո՞ւմ եք՝ սա դատարան չի, որտեղ դատավճիռներ են ընթերցվում և մեղադրվում, մեղադրում են միայն դատարանում, այստեղ դուք կարող եք պատասխանատվության կանչել, քաղաքական պատասխանատվության, այո, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը՝ և լավի համար, և վատի համար: Եթե ձեզ թվում է, թե մենք 90-ական թվականներից էլ ետ ենք գնացել. ապա, ի՞նչ կարող եմ ասել, այդպես էլ մտածեք, եթե իմ խորհուրդը չեք ընդունում:Բայց, միևնույն ժամանակ, նորից եմ ասում, գիտակցեք, որ սա խորհրդարան է և խորհրդարանում օրենքներ են ընդունվում, որոշումներ են կայացվում, բայց ոչ երբեք դատավճիռներ:

Երրորդ խորհուրդս հետևյալն է՝ դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք, ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան:Դա կլինի ձեր մեծագույն վաստակը, երբեք որևէ ժամանակ, անձամբ ես, մեր քաղաքական ուժը, արյան ծարավ չի ունեցել, մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և Ազգային Ժողովի շենքում, ձեր աշխատասենյակների մեջ նստելով, ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումներն են, դա ձեր պատկերացումներն են, եթե ոչ, դուք հակառակ կողմում պետք է լինեք, դուք պետք է լինեք օրենքի կողմում, չի կարող ժողովուրդը լինել օրինազանց, եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պիտի լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին: Բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ոչ պարտադրանք, ոչ դատավճիռ, ոչ էլ մեղադրանք»:

ՀՀ վարչապետ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև ԱԺ ղեկավարությանը և աշխատակազմին՝ կարևոր այս գործընթացը կազմակերպելու համար՝ նշելով, որ կառավարության ձևավորման փուլը երկար չի տևի:

Նույն շարքից