Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Պայքար Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, երբ վերջինս արդեն վարչապետ է․ Օրվա ամփոփում

analitik.am

Այսօր առավոտյան ժամը 07.50-ի սահմաններում մեկնարկեց այսօրվա հանրահավաքը։ Սկզբում  ոստիկանները փորձում էին բացել Մաշտոց–Թումանյան խաչմերուկը, ինչի արդյունքում հրմշտոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, արդյունքում բերման ենթարկվեցին ցուցարարներից մի քանիսը։  Միջադեպի վայր շտապեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով կոչ արեց ցուցարարներին փակել փողոցները, պետական գերատեսչություններում հայտարարել նստացույց, թույլ չտալ որևէ մեկին աշխատանքի գնալ, սակայն այդ ամենն անել առանց բնության և որևէ գույք վնասելու: Ցուցարարներին հաջողվեց փակել  Մաշտոց–Թումանյան խաչմերուկը։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց բոլոր բարձրախոսները կոտրվել են, անհետացել՝ նշելով, որ ով կարող է ձեռք բերել բարձրախոս, թող արագ փոխանցի իրենց, պատրաստ են նաև գնել: Փաշինյանին հայտնեցին, որ երեք հոգի բերման են ենթարկվել, նա ասաց, թե «ոչինչ, որ բերման են ենթարկել, երեք ժամ հետո բաց կթողնեն»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և  Նիկոլ Փաշինյանը զրույց ունեցան։ Օսիպյանը կոչ արեց Փաշինյանին դադարեցնել հավաքը՝ փոխանցելով  ոստիկանության հայտարարությունը, Փաշինյանը միանգամից պատռեց այն:

Որոշ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ իրեն  ձերբակալեն, բերման ենթարկեն, թող ցուցարարները  կրկնապատկեն, եռապատկեն ջանքեըը:

Փաշինյանը ցուցարարների հետ նստեց Աբովյան փողոցում՝ թույլ չտալով ավտոբուսներին, երթուղային տաքսիներին անցնել և կոչ անելով ուղևորներին միանալ իրենց:

Այնուհետև Փաշինյանը շարժվեց Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ հայտարարեց, որ իրենց երթն ընթանում է անկանխատեսելի ճանապարհներով․ «Ոչ մեկ հրապարակում չի մնում, գնում ենք տարբեր տեղեր, բայց ոչ փոքր խմբերով, որպեսզի ժողովրդին բերման չենթարկեն: Հիմա մեր հաշվարկով 30 հոգու բերման են ենթարկել: Մեր զորակցությունը բերման ենթարկված ընկերներին պետք է լինի տասնյակ հազարանոց քաղաքացիների մասնակցությամբ երթը և ցույցը»,- ասաց նա:

Այս ընթացքում Հալաբյան–Արզումանյան խաչմերուկում լարված իրավիճակ սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, ովքեր փորձում էին փակել փողոցը, բայց ոստիկանները թույլ չէին տալիս։ Այնտեղ շտապեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտային, ապա այնտեղ՝  Ազգային ժողովի մոտ կուտակված ոստիկանական ուժերը պատնեշված էին  երկշար փշալարերով, որոնցից մեկին էլեկտրական հոսանքի լարեր էին  միացված։ Մինչ Փաշինյանը ցուցարարների հետ պայքարում էին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, պատգամավորները մուտք էին գործում ԱԺ՝ մասնակցելու հատուկ նիստին, որի ժամանակ պետք է ընտրեին ՀՀ վարչապետին։

Որոշ ժամանակ անց ցուցարարներին հաջողվեց փակել Հալաբյան փողոցից դեպի Հանրապետական հիվանդանոց տանող ճանապարհը: Աբովյան–Կորյուն փողոցների խաչմերուկը փակած դասադուլ անող ուսանողներն էլ  միացան Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին:

Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հայտարարեց, որ ժամը 12։00-ին հանդես է գալու հատուկ հայտարարությամբ։
Նշված ժամին Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ  Հայաստանում ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է  մեկնարկել․
«Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, ի՞նչ իրավիճակ է այսօր. այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում արդեն իսկ սկսվել է այդ խամաճիկային նիստը: Իսկ ՀՀ-ում զանգվածային ցույցեր են, Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է, փակ է Իջևան-Երևան ճանապարհը, Երևանում դասադուլ է, և ճանապարհներ են արգելափակված, Կապանում և Մեծամորում դասադուլ է, այսօր առավոտյան դպրոցական երեխաները շրջափակել են ՀՀ արտաքին գործերի նախարարի մեքենան: Ի՞նչ իրավիճակ է սա. ՀՀ-ում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը»։

Փաշինյանի հայտարարությանը զուգահեռ սկսվեց ԱԺ հատուկ նիստը։ Փաշինյանը հայտարարեց, որ կաթվածահար են անելու ողջ պետական համակարգը․ «Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք, ներսում նստացույց կանենք: Այնտեղ, որտեղ չի հաջողվի ներս մտնել, նստացույց կանենք մուտքերի դիմաց և թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին էլ միայն մեզ միանալու պայմանով կթողնենք: ԱԺ-ում կատարվող իրադարձություններն այլևս չպետք է ազդեցություն ունենան Հայաստանի քաղաքական կյանքի վրա»։

Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները սկսեցին երթը՝ Աբովյան փողոցո շարժվելով Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ՝ կառավարական շենքերը շրջափակելու նպատակով։

Շահումյան հրապարակում ցուցարարները   բարիկադներ  տեղադրեցին  Գլխավոր դատախազության դիմաց՝ աղբամաններով, նստարաններով՝  փորձելով շրջափակել փողոցը, ինչպես նաև Դատախազության հարակից տարածքում կայանված մեքենաների անիվներն իջեցրին` օդը հանելով:

Այնուհետև Գլխավոր դատախազության մոտից ցուցարարները  շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարանի շենք՝ «Ազատ, անկախ, Հայաստան» և «միացում» վանկարկումներով, ապա՝ Պետական եկամուտների կոմիտե, որի մուտքը շրջափակելու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ են կամավորներ:

Փաշինյանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք  հանրահավաքի մասին։ Նա նաև տեղեկացրեց, որ Մոսկվայում հայերը մուտք են գործել Հայաստանի դեսպանատուն և ներսում նստացույց են սկսել, ինչն ավելի ուշ հերքվեց։

Ցուցարարներին հաջողվեց որոշ ժամանակով  փակ պահել պետական կառույցների շենքերի մուտքերը՝  Արտաքին գործերին նախարարության, Արդարադատության նախարարության, Դատախազության, քաղաքապետարանի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության։

Ոստիկանության հատուկ ջոկատայինները Գրիգոր Լուսավորիչ փողոցից հանեցին տեղադրված աղբամանները և հեռացրեցին  ցուցարարներին փողոցից, սակայն հատուկ ջոկատայինների հեռանալուց հետո ցուցարարները կրկին փակեցին փողոցը:

Այս ընթացքում ԱԺ-ում ելույթներ էին հնչում՝  Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցի քննարկման շրջանակներում։

«Արմենպրես»-ը տարածեց տեղեկություն, որ վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 80-ի: Դատախազության շենքն այս ժամանակահատվածում դեռ մնում էր շրջափակված։

Այս ընթացքում  Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ՝ 77 կողմ, 17 դեմ ձայներով։  Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի:

Ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի  Մելիք Ադամյան փողոց, որտեղ գտնվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակը: Ոստիկանները թույլ չտվեցին ցուցարարներին մուտք գործել Մելիք Ադամյան փողոց, և նրանք վերադարձան Հանրապետության հրապարակ։

Հանրահավաքի ժամանակ Արարատ Միրզոյանը  հայտարարեց, որ մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում և Սերժ Սարգսյանի անունը դրել են վարչապետ․ «Հայաստանի Հանրապետությունում վարչապետ չկա: Հայաստանի Հանրապետությունում ՀՀԿ-ի իշխանություն այս պահից չկա: Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, և այդ իշխանությունը հենց հիմա այստեղ է: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, այդ իշխանությունը դուք եք»։

Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ նաև  Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ ինքն իրեն Սերժ Թանկյան է զգում, քանի որ վերջին անգամ Հանրապետության հրապարակը լցվել էր Սերժ Թանկյանի համերգի ժամանակ:

Խոսեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը , Վրաստանի «Ալիք Մեդիա» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելանն էլ հայտարարություն արեց՝շեշտելով, որ հայ ազգը միշտ հաղթել է իր միասնության շնորհիվ, սակայն վերջերս մասնատվել է․ «1988 թվականից հետո հրապարկում այսքան մարդ չէր հավաքվել, 2008 թ.-ին էլ այսքան մարդ չէր հավաքվել: Հրապարակում նման բազմություն է հավաքվել չիրագործված գործերն իրագործելու: Մեր համախմբվածությամբ, ճիշտ մտածելով և խոհեմությամբ պետք է հաղթենք: Սա ազատամարտ է»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ  ելույթում ասաց, որ  գուցե շատերն ասեն, որ ահա, ոչինչ չփոխվեց, Սերժ Սարգսյանը վերստին իշխանության առաջին դեմքն է:

«Բայց ես պատասխանատու հայտարարում եմ, որ ամեն ինչ փոխվել է, որովհետև այսօր Սերժ Սարգսյանը չունի հպատակ ժողովուրդ, Սերժ Սարգսյանը չունի կառավարելու ժողովուրդ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»։

Օրվա գործողություները վերլուծելով՝ Փաշինյանն ասաց, որ շատերը գուցե հարցնեն, թե ինչ տեղի ունեցավ, որ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց: «Տեղի ունեցավ շատ պարզ մի բան: Երբ մենք որդեգրեցինք ցանցային գործելակերպը՝ որպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեթոդ, մեզ միացան տասնյակ հազարավոր մարդիկ: Սա նշանակում է, որ մենք գտել ենք այն մեթոդը, որով պետք է ծնկի բերենք Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը։Ուզում եմ ավելի վստահ, ավելի ամուր հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսել է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և այդ հեղափոխությունը հաղթելու է մի պատճառով, որովհետև այդ հեղափոխությունը հնարավոր չէ կանգնեցնել մի հոգու չեզոքացնելով, որովհետև այս հեղափոխության առաջնորդը հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զավակ »։

Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան՝ ժամը  10-ին ժողովրդին սպասելու է Ֆրանսիայի հրապարակում, որտեղից էլ նորից կսկսվեն գործողություններ, և իրենց գործողությունները կեզրափակվեն Հանրապետության հրապարակում:

Նա նաև հայտարարեց, որ առաջիկա օրերին ձևավորելու են  ՀՀ-ում ժողովրդական, թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը:
Այնուհետև  Նիկոլ Փաշինյանը երթ արեց  մայրաքաղաքի փողոցներով և  հայտարարեց, որ այս գիշեր հրապարակներում չեն մնա, որովհետև ցանկացած հրապարակ առավոտյան կգան ու կդարձնեն իրենցը: Իսկ ինչ վերաբերում է քայլերթի մայրուղուն, Նիկոլ Փաշինյանը մանրամասները չներկայացրեց՝ մարտավարությունը չբացահայտելու համատեքստում:

Այս ընթացքում ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ  տարածեց, որտեղ երևում էր, որ հավաքի մասնակիցներն անկարգություններ են թույլ տվել։

Քայլերթն ամփոփվեց Հանրապետության հրապարակում, որտեղ Փաշինյանը, դիմելով հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց նրանց և հիշեցրեց․ «Վաղը ժամը 10-ից սկսվում է տոտալ բլոկադայի գործողությունը»:

Երբ Փաշինյանը լքեց Հանրապետության հրապարակը,  սկսվեցին զանգվածային անկարգություններ Երևանի Մաշտոցի պողոտայում:  Բախումներ  տեղի ունեցան  ժամանած ոստիկանների ու մի խումբ երիտասարդների միջև:

 

Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում էլ  ականատեսներն ասացին, որ ոստիկանները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիներին: Հետո պարզվեց, որ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ մի շարք քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում վնասել են քաղաքային գույքը՝ ջարդել նստարաններ, լուսացույցներ և այլն:

 

Ֆրանսիայի հրապարակում էլ  մի խումբ քաղաքացիներ փակել էին  Մոսկովյան փողոցը: Նույն վայրում էին  նաև ոստիկանները, սակայն նրանք չէին  մոտենում երթևեկությանը խանգարող քաղաքացիներին:

Փաշինյանի կազմակերպած հանրահավաքն այսօր ավարտվեց, թե ինչ կլինի վաղը դեռ պարզ չի։ Այս պահի դրությամբ կա արձանագրված փաստ, որ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ՝ խորհուրդ տալով ԵԼՔ դաշինքին փողոցից խորհրդարան բերել իրենց գործընկերոջը։

 

 

Նույն շարքից