ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հանձնարարությամբ իրականացնում է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ս/թ ապրիլի 18-ին, ժամը 19.45-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն կանցկացնի «Վեգա» հիպերմարկետում (հասցեն՝ ք.Երևան, Սեբաստիայի 141/3), իսկ ապրիլի 19-ին, ժամը 02.00-ին՝ «Պրոսպեկտ Մոլ» առևտրի ու ժամանցի կենտրոնում (հասցեն՝ ք.Երևան, Մաշտոցի 5):
Նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:
«Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ»-ի ընթացքում նախատեսված ուսումնավարժություններն անցկացվելու են կազմակերպությունների աշխատանքային ժամերի ընթացքում, և ՀՀ ԱԻ նախարարությունը կոչ է անում սննդի կետերի, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոնների այցելուներին աջակցել տեղի անվտանգության աշխատակիցներին ու հրշեջ-փրկարարներին, հետևել նրանց հրահանգներին և ակտիվ մասնակցել վարժանքին: