Գլխավոր Քաղաքականություն 

Երեխաների և անչափահասների ներգրավումը քաղաքական գործընթացներում, հանրահավաքի զարգացումները, ոստիկանության զգուշացումները. Օրվա ամփոփում

analitik.am

Ապրիլի 18-ի առավոտյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ փակեց Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ խաչմերուկը։ «Հեղափոխության կոմիտե» ստեղծելու հետ կապված Փաշինյանը հայտարարեց, որ այն պետք է կազմված լինի այն մարդկանցից, այն խմբերի ներկայացուցիչներից, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել շարժման կազմակերպման հարցում։

Անցած գիշեր տեղի ունեցած անկարգություններին անդրադառնալով էլ նշեց, որ հրահրողներն իրենց հետ կապ չունեն՝ տեղի ունեցածը որակելով որպես սադրանք: Այնուհետև ցուցարարները սկսեցին վեր բարձրանալ Բաղրամյան պողոտայով։ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է շրջափակել Բաղրամյան 26-ը՝ վարչապետի նստավայրը. «Մենք սկսում ենք Բաղրամյան 26-ի շրջափակումը»:

Ցուցարարներին որոշ ժամանակով հաջողվեց փակել Բաղրամյան պողոտայի սկզբնամասը և Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկի հատվածը։ Այս ընթացքում Մաշտոցի պողոտա–Սայաթ–Նովա հատվածից ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, ովքեր նստել էին փողոցում`փորձելով փակել այն:

Փաշինյանն իր հերթին թիմակիցներին հորդորեց բացել ճանապարհները և մոտենալ իրեն՝ որոշելով չմնալ Բաղրամյան 26-ի դիմաց, այլ շարժվել մայրաքաղաքի փողոցներով, որպեսզի կամաց-կամաց իրենց միանան թիմակիցները:

Մինչ Փաշինյանը շարժվում էր քաղաքով, Մաշտոցի պողոտայում ոստիկանները բերման էին ենթարկում ցուցարարներին: Բաղրամյան պողոտայից երթով Ֆրանսիայի հրապարակ իջնող Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ով բացատրեց , որ որոշ մարդիկ բերման ենթարկվեցին զուտ երթևեկության կանոնների վերականգնման հիմքով: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իրենք խաղաղ երթ են իրականացնում. «ՀՀ հավաքների մասին ազատության օրենքի համաձայն մենք երթ ենք անում»: Ոստիկանն իր հերթին մեջբերեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը և նկատեց, որ երթուղու մասին ոստիկանությունը պետք է նախապես իրազեկված լինի: Փաշինյանը, սակայն ասաց, որ մենակ է եկել երթին. «Ես մենակ եմ եկել այս երթին՝ 3 հոգով և ոչ զանգվածային, հրապարակային կարգով սկսված երթն ինքնաբուխ կերպով վերածվել է զանգվածային երթի»: Փաշինյանի պատասխանը հետաքրքիր էր այնքանով, որ փաստացի երթի հետագա ընթացքը և ծավալվող գործողությունների համար պատասխանատվությունը պարզ չէր, թե ում վրա էր դրվելու:

Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, մեջբերելով «Հավաքների ազատության մասին» օրենքի հոդվածներից, ասաց. «Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե անձը փաստացի կատարում է կազմակերպչի գործողություն, օրենքի ուժով կրում է հավաքի կազմակերպչի պարտականությունները: Հավաքների ղեկավարի պարտականությունները սահմանված են «Հավաքների ազատության մասին» օրենքի 31-րդ հոդվածով: Ինչ վերաբերում է շտապ և ինքնաբուխ հավաքներին, ապա դրանք սահմանված են «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածով, նույնիսկ, եթե շտապ հավաքն ունի կազմակերպիչ, որի դերում այս պահին դուք հանդես եք գալիս, ունի պարտականություն` ոստիկանությանը նախապես իրազեկելու և երթի, երթուղու ու ժամանակացույցի մասին տեղյակ պահելու»: Այս խոսակցությունն ավարտվեց նրանով, որ Փաշինյանը համաձայնեց ոստիկանի հետ՝ պայմանավորվելով, որ հետայսու, երբ որոշեն երթուղին, տեղյակ կպահեն այդ մասին ոստիկանությանը:

Արդեն ՀՀ վարչապետ դարձած Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները Կորյունի փողոցով շարժվեցին դեպի Չարենցի փողոց: Հասնելով Երևանի պետական համալսարան՝ Նիկոլ Փաշինյանն ուսանողներին կոչ արեց դասադուլ անել և միանալ ակցիային: Նա նաև հայտարարեց, որ ցույց է տվել ուսանողներին դռները բացելու ճանապարհը, ուստի, եթե դռները փակ են, թող բացեն: ԵՊՀ մոտ ելույթ ունեցավ Շահեն Հարությունյանը, որից հետո ցուցարարները լքեցին ԵՊՀ-ի տարածքը: Նշենք, որ ուսանողները չմիացան ցուցարարներին:

Այս ընթացքում ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի վայրերից ապրիլի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 66 քաղաքացի: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա վերջինս ԵՊՀ-ից քայլեց դեպի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համասարան և կոչ արեց միանալ իրենց հանրահավաքին: Ապա նա շարժվեց դեպի Վարդանանց փողոց, իրազեկեց երեկոյան կայանալիք հանրահավաքի մասին, քաջալերեց ոստիկանության կողմից բերման ենթարկված ցուցարարներին, իսկ ոստիկանությանն էլ հորդորեց ազատ արձակել բերման ենթարկվածներին՝ այդ թվում «Հանրային ռադիո» ներխուժման գործով 2 ձերբակալվածներին: Վերջին կոչն անհասականալի էր այնքանով, որ վերջին երկու անձանց ձերբակալման գործն արդեն գտնվում է ոչ թե Ոստիկանությունում, այլ նախաքննություն իրականացնող մարմնում: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցիների հետ շարժվեց դեպի Տիգրան Մեծ պողոտա, որից հետո էլ՝ դեպի Արշակունյաց պողոտա, ապա Գավառի ցուցարարներին աջակցություն ցույց տալու համար Փաշինյանն իր թիմակիցների հետ նստացույց արեց Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյան պողոտա հատվող տարածքում։

Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ անդրադառնալով թավշյա հեղափոխության կոմիտե ստեղծելու գաղափարին ասաց, որ կոմիտեի անդամները կլինեն այն մարդիկ, որոնք այս ընթացքում զբաղվել են մինչ այս կայացած երթերի ու հանրահավաքների կազմակերպմամբ: «Թավշյա հեղափոխություն կազմակերպելու շրջանակում մենք նաև մտադիր են մարզերում, քաղաքներում, գյուղերում ունենալ կոմիտեների մասնաճյուղեր, որ ի վերջո ՀՀ բոլոր անկյուններում ունենանք կազմակերպչական ռեսուրս, թեպետ ցանցային ռեսուրսով հիմա էլ ունենք»,- ասաց նա:

Որոշ ժամանակ անց Փաշինյանը ցուցարարների հետ շարժվեց դեպի Երևանի քաղաքապետարան: Նրանք փակեցին քաղաքապետարանի մուտքը։ Այս ընթացքում Ֆրանսիայի հրապարակում Փաշինյանից անջատ ցուցարարները փակեցին Մաշտոցի պողոտան, ոստիկաններն էլ կրկին մի քանի հոգու բերման ենթարկեցին: Բերման ենթարկված քաղաքացիների հարազատները հավաքվեցին Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ։

Այս ընթացքում արդեն ազատ արձակված մանկավարժները ծնողներին տեղեկացրեցին, թե ոստիկանության բաժանմունքում կան անձինք, որոնք վկայություն են տալիս, որ այդ երիտասարդներին տեսել են ցույցերին: Ոմանք էլ ասացին, որ ոստիկաններն իրենց ընկերներին բերման են ենթարկել խանութից: Բերման ենթարկվածների մեջ կային նաև անչափահասներ, որոնցից մեկին, ինչպես հետո պարզվեց, մեղադրանք կար առաջադրված՝ Հանրային ռադիոյի շենքը շրջափակելու հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում։

Գրիգոր Լուսավորիչ փողոցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Նիկոլ Փաշինյանը զրույց ունեցան․ «Այստեղից ե՞րբ եք գնում պարո՛ն Փաշինյան, որ հիմա իմանամ՝ մեր ոստիկանական ուժերին բերե՞մ Ձեր անվտանգության համար, թե ոչ»,- հարցրեց Օսիպյանը՝ նշելով, որ կապի մեջ է, եթե խնդիր լինի,թող դիմեն։

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա 3 երիտասարդ ազատ արձակվեցին։ Բերման ենթարկվածներից մեկը 50 հազար դրամ վարչական պատասխանատվության ենթարկվեց։ Այս ընթացքում ակտիվ լուրեր տարածվեցին այն մասին, որ անչափահասներ են ներգրավվել հանրահավաքներում։ Այս մասին խոսեց նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ անչափահասներին պետք չէ ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ։ Փաշինյանն իր հերթին պատասխանեց՝ նշելով․ «Ես ոչ մեկին որևէ տեղ չեմ ներգրավում, ՀՀ քաղաքացիներն իրենք են արձագանքում մեր շարժմանը: Եթե ներգրավող կա` Հանրապետական կուսակցությունն է, որ բոլոր կրթօջախները դարձրել է հանրապետականների որջ, և երեխաներին պահում է փակ դռների հետևում: Երեխաները նույնպես ազատության իրավունք ունեն, և նրանք այդ իրավունքից օգտվում են»:

Այնուհետև Փաշինյանը ցուցարարների հետ շարժվեց դեպի Արտգործնախարարության շենք՝ շրջափակելով այն։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը գնաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ՝ խորհրդակցելու, իսկ ցուցարարներն էլ երթով Խորենացի փողոցով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց:

Ժամը 19։00-ին մեկնարկեց հանրահավաքը, որի ժամանակ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության շարժման անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ 21-րդ դարում՝ ինտերնետի դարում, փորձում է սահմանափակել ինֆորմացիայի ազատությունը․« ԿԳՆ շենքում սահմանափակել են մի շարք կայքեր՝ Facebook, YouТube և «Ազատություն ռադիոկայանը»»: Նա խոսեց նաև Սփյուռքում, Գյումրիում տեղի ունեցող գործողությունների մասին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն էլ իր ելույթում ասաց, որ հանրահավաքին մասնակցելու համար ՀՀ բոլոր ծայրերից Երևան են ժամանել բազմահազար, տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Շարժման մասնակիցներից Դավիթ Սանասարյանն էլ հայտարարեց, որ այն կազմակերպությունները, որոնք կմիանան իրենց, նրանց անունները կհնչեցնեն հարթակից ու կոչ կանեն մարդկանց օգտվել հենց նրանց ծառայություններից․ «Հնչելու են ժողովրդական գովազդներ: Կոչ ենք անում կազմակերպություններին՝ մոտենան մեզ, իրենց կազմակերպության անունը տան և ասեն, որ այսուհետ լինելու են ժողովրդի շարքում, չեն գնալու աշխատանքի»։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ իր ելույթում հիշեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ նշելով, որ դրանցից ոչ մեկ չի իրականացվել․ «Մենք նահանջելու տեղ չունենք, մենք իսկապես կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Մենք ձախողելու և վատնելու կյանք չունենք, հետևաբար՝ կանգնում ենք, կանգնում ենք, կանգնում ենք մինչև հաղթենք»։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ այն հարցին, թե ինչ է տեղի ունենում իրենց հայտարարած թավշյա, ժողովրդավարական հեղափոխության հետ, և կոնկրետ ինչպես են պատկերացնում այդ գործընթացի տրանսֆորմացիան իշխանափոխության․ «Նախ այն մասին, թե ինչ է տեղի ունենում` մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է Հայաստանի Հանրապետությունում և ողջ Սփյուռքում»: Փաշինյանը նաև շեշտեց, որ սա վերջին քսան տարում հետսովետական տարածքում, սոցիալական ճամբարի նախկին երկրներում տեղի ունեցող առաջին զանգվածային շարժումն է, որը որևէ կերպ չի կապվում օտարերկրյա որևէ ուժի հետ՝ ընդգծելով, որ դա հպարտանալու առիթ է։ Փաշինյանը նաև կոչ արեց գյուղերում ու քաղաքներում բնակվող քաղաքացիներին իրենց շրջանների ղեկավարների մոտ հանդես գալ «թավշյա հեղափոխության» աջակցության մասին կոչերով:

Ինչ վերաբերում է նախատեսված գործողությունների հերթականությանը, ապա Փաշինյանը ներկայացրեց, որ պետք է կարողանան այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքերում, պետական բոլոր մարմիններում հարյուրավոր քաղաքացիներ սկսեն նստացույցեր անել, որպեսզի այդ մարմիններում տեղ չմնա այդ պաշտոնյաների նստելու համար՝ ընդգծելով, որ պետք է այնպես անել, որ ՀՀ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը դադարեն ժողովրդից պաշտպանել որևէ գերատեսչական շենք, որովհետև բոլոր այդ շենքերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։

Փաշինյանը նաև անդրադարձավ  իրենց հասցեին հնչող մեղադրանքներին    և դառ այն., որ շարժմանը անչափահասներ և դպրոցականներ են ներգրավվում՝ անվանելով դա առավելություն.
«Մեզ մեղադրում են, որ մեր շարժմանը մասնակցում են անչափահասներ և դպրոցականներ: «Հավաքների ազատության մասին» օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին, և դպրոցականների մասնակցությունը միանգամայն համապատասխանում է ՀՀ օրենքներին և Սահմանադրությանը»:

Նա նույնիսկ բոլոր դպրոցականներին դասադուլի կոչ արեց. «Այո՛, դասադուլ արե՛ք, որովհետև այդ դասադուլի մեջ դուք կսովորեք ամենակարևորը` լինել ՀՀ հպարտ, ամենազոր, հզոր քաղաքացի: Դասադուլի համատեքստում ուզում եմ, որ մենք բոլորս գնահատանքի և հարգանքի հատուկ տուրք մատուցենք մեր ուսանողներին, ովքեր մեր այս շարժման ամենակարևոր և ամենահպարտ շարժիչ ուժն են»,- ասաց նա:

Պատգամավորը խոսեց այն երկու ակտիվիստների մասին, որոնց ձերբակալել են: «Ռադիոյի հետ կապված բոլոր որոշումները կայացրել եմ անձամբ ես, եթե բան ունեք ասելու, ասե՛ք ինձ, անհապաղ բա՛ց թողեք այս տղաներին»: Նշենք, որ մինչ Փաշինյանի հայտարարությունը, ԵԼՔ դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը և Արտակ Զեյնալյանն արդեն իսկ ՀՀ գլխավոր դատախազին էին ուղարկել անձնական երաշխավորություն՝ ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի գործով:

Փաշինյանը նաև  հույս հայտնեց, որ Սերժ Թանկյանը և Շարլ Ազնավուրը կմիանան իրենց պայքարին՝ չմերժելով  հայ ժողովրդի արդարացի խնդրանքը:  «Պարզվում է, հիմա Սերժ Թանկյանն ուղիղ եթերով մեզ է նայում: Հենց հիմա: Սերժ, մենք սպասում ենք քեզ»,:

Վերջում Փաշինյանը նորից  կոչ արեց երեխաներին շարունակել դասադուլը, ինչպես նաև նշեց, որ ուժի մեջ են մնում  մայրուղիների շրջափակումները: «Առանց հարցնելու` ինչ մայրուղի տեսնում եք, շրջափակե՛ք, բայց վաղը, ի տարբերություն այսօրվա, շատ շուտ պետք է արթնանանք և ութին հավաքվենք այստեղ, պետք է փորձենք անել հետևյալը` շրջափակելու ենք կառավարական մի շարք շենքեր»,- ասաց նա՝ չնշելով, թե որ շենքերն են շրջափակելու:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանի առաջարկով  երթով գնացին դեպի Բաղրամյան պողոտա:

Փաշինյանի կոչերի հետ կապված ՀՀ Ոստիկանությունը տարածեց հաղորդագրություններ, որոնցում մասնավորապես ասվում էր, որ Փաշինյանի «անակնկալ» ուղղություններով գործողություններ կատարելու վերաբերյալ հայտարարությունները լուրջ վտանգ են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության, հասարակական անվտանգության համար՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը:

Ոստիկանությունը հորդորեց  քաղաքացիներին, հավաքին մասնակցող անչափահասներին, նրանց ծնողներին ցուցաբերել զգոնություն, չտրվել ակնհայտ ապօրինի գործողությունների դիմելու վերաբերյալ հավաքի կազմակերպչի, այսպես կոչված, «անակնկալ» սադրանքներին:

Հիշեցնենք, որ այսօր նույնպես սպասվում է հանրահավաք: Նշենք, որ սա առաջին դեպքն է ՀՀ պատմության մեջ, որ երեխաներին փորձում են ակտիվ ներգրավվել քաղաքականության մեջ՝ կոչ անելով նրանց դասադուլ անել, մասնակցել հանրահավաքներին, ինչի շուրջ եղան կարծիքներ, որ հանրահավաքի կազմակերպիչն ու ակտիվ մասնակիցները նպատակ ունեն երեխաներին որպես վահան օգտագործել: Թե ինչ զարգացումներ կունենա այսօրվա հանրահավաքը պարզ կդառնա առաջիկայում:

 

Նույն շարքից