Ապրիլի 19-ին «Լաթար» և «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրներում անցկացվեցին ԱԻ նախարարության փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունները՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով: Միջոցառման նպատակներն են՝
• ստուգել համալիրների անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը,
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,
• կատարելագործել հյուրանոցառեստորանային և ռեստորանային համալիրների անձնակազմերի ու արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Ըստ առաջին սցենարի՝ հրդեհն առաջացել է «Լաթար» հյուրանոցառեստորանային համալիրի հյուրանոցի 2-րդ հարկում գտնվող X սենյակում, միացել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ ձայնային համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են հյուրանոցի աշխատակազմի և այցելուների տարհանման, ինչպես նաև՝ հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է ամբողջ սենյակով, որի հետևանքով 2-րդ հարկը ծխապատվել է: Ծխապատված գոտում կան արգելափակված մարդիկ: Հրշեջ-փրկարարների ժամանման հրդեհի մակերեսը ստորաբաժանման ներկայանալու պահին կազմել է 60 քմ:
Երկրորդ սցենարի համաձայն՝ հրդեհն առաջացել է «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի հյուրանոցի 3-րդ հարկում գտնվող X սենյակում, միացել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ ձայնային համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են հյուրանոցի աշխատակազմի և այցելուների տարհանման, ինչպես նաև հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է ամբողջ սենյակով, որի հետևանքով 3-րդ հարկը ծխապատվել է: Ծխապատված գոտում կան արգելափակված մարդիկ: Ստորաբաժանումները ուսումնավարժությանը ներգրավվում են պայմանական թիվ 2 կանչով, հրդեհի մակերեսը ստորաբաժանման ներկայանալու պահին կազմում է 50 քմ:
Պայմանական հրդեհի վայրում փրկարարներն իրականացնում են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին և այլն: Իրականացվում են նաև հրդեհաշիջման և ծխապատ գոտուց մարդկանց տարահանման աշխատանքներ:
Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը կազմակերպությունների անձնակազմի հետ միասին արձանագրեց բացթողումները՝ պայմանավորվածություն ձեռքբերելով շտկել դրանք համատեղ հակահրդեհային պլանների միջոցով:
Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: