Այսօր վաղ առավոտից Նոր Նորքում, որտեղից ցուցարարները սկսել են այօսրվա գործողությունները, իրավիճակը խիստ լարված էր: Բանն այն է, որ ոստիկանները թույլ չէին տալիս հավաքվածներին երթ իրականացնել, քանի որ դրա մասին նախօրոք չի իրազեկվել: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ինքնաբուխ երթ է, որի նպատակն է աջակցել նրանց, ում մեքենան գիշերը վնասվել է անհայտ անձանց կողմից, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վերջինիս մեղադրեց իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելու մեջ՝ հայտարարելով, որ երթի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ապրիլի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, իսկ այս ժամանակ վերջինս չէր կարող իմանալ, որ մեքենաներ են վնասվելու և վարորդներին աջակցելու կարիք է լինելու:
Դրանից հետո Նիկել Փաշինյանը հայտարարեց առաջին երթը չեղյալ համարելու մասին, կապ հաստատեց ոստիկանության հետ և տեղյակ պահեց նոր երթի մասին: Հայտարարությունն ընդունվեց որպես ի գիտություն:
Ապա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանը պատրաստ է թույլ տալ երթը և ապահովել այն, եթե երթի մասնակիցները չսահմանափակեն տրանսպորտային միջոցների և հետիոտնի տեղաշարժը՝ հիշեցնելով, որ բոլոր նախորդ դեպքերում նման բան է եղել: Փաշինյանն ասաց, որ խնդիր չկա, կարճ ժամանակ անց երթը սկսվեց:
Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով: