Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել բարդ աշխարհաքաղաքականությամբ և նոր առաջացած մարտահրավերներով. Ս. Սարգսյանի պատասխանը՝ «Լույս» հիմնադրամի շրջանավարտներին

analitik.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետի պատասխանը.

«Սիրելի՛ «Լույս»-ականներ,

Ծանոթանացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:

Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում:

Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։

Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին»։

Հիշեցնենք, որ  «Լույս» հիմնադրամի մի շարք շրջանավարտներ այսօր նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին.

«Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները: Կոչ ենք անում, չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում», — ասված էր նամակում:

Կրթաթոշակառուները նաև իրենց աջակցությունն էին  հայտնել այս օրերին  անցկացվող ցույցերի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի հիմնադիրներն են Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը:

Նույն շարքից