Քաղաքական 

Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը շնորհավել են Սերժ Սարգսյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորանք են ուղղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքից։

Շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ձերդ Գերազանցություն,
Ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները ամրապնդվել են 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և անցած փետրվարին ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի ստորագրմամբ:
Ակնկալում ենք շարունակել Ձեզ հետ համագործակցությունը Ձեր նոր պաշտոնում, մասնավորապես նոր Համաձայնագրի իրականացման, ներառյալ՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Այս համատեքստում, մենք հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն հարգելու քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենսդրությանը համապատասխան:
Վերջում, մենք ապավինում ենք Ձեր շարունակական դրական ներգրավվածությանը Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև մեր ընդհանուր ջանքերին՝ միտված անվտանգության, կայունության, ժողովրդավարության և բարեկեցության ամրապնդմանը Հայաստանում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում»:

 

Նույն շարքից