Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դա ի՞նչ ատելություն է, մեր բոլոր սրբությունները մաշելով գնում ենք. Էդմոն Մարուքյանը երկրի լարված վիճակի մասին

analitik.am

Երկրում լարված իրավիճակ է, վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկն ուշացած է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու բան չկա։ Այս մասին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը  1in.am-ին տված հարցազրույցում:

«Լարված իրավիճակ է երկրում, որը քաոսային արագությամբ զարգանում է և զարգանում է բոլոր առումներով՝ և՛ համաժողովրդական շարժման, և իշխանական կողմից: Այսինքն՝ տեսնում ենք, որ ինչ ուժեր են կուտակվում, տարվում, բերվում: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի երկխոսության մասին առաջարկը՝ բավականին ուշացած է: Հիմա մեզ կոչ են անում՝ կգաք խոսենք, դաշնակցական ֆորմատը կա, առաջարկում ենք, որ երկխոսության հարթակ լինի, բայց խնդիրն այն է, որ մարդիկ հավատ չունեն»,- ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով իրավիճակի լարվածությանը՝  Էդմոն Մարուքյանն ասաց, որ ոչինչ չեն անում, որպեսզի իրավիճակը չսրվի.« Սերժ Սարգսյանն ասում է, որ հրաժարական չի տալիս, ուզում եք՝  երկխոսենք, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու բան չկա: Այսինքն՝ երկու կողմերն էլ որևէ փոխզիջման ճանապարհ չեն թողնում և շարժվում են առաջ և դրա արդյունքում մենք ունենք ծայրահեղ լարված իրավիճակ, և ես այդ լարվածությունը զգում եմ ամենուր»:

Նա նաև ասաց, որ  հասարակությունը բաժանվել է երկու մասի՝ սև ու սպիտակ և երկրի միակ սրբությունը բանակն է, իսկ  երբ պաշտպանության նախարարի մեքենան  ցուցարարները շրջափակում են, նախարարը  մեքենայից դուրս չի գալիս. «Մի կողմից՝ մեր պաշտպանության նախարարը, մյուս կողմից այդ երիտասարդները, ովքեր շրջափակում են նախարարի մեքենան, ի՞նչ են ուզում ասել դրանով: Դա ի՞նչ ատելություն է, հասկանում ենք, մեր բոլոր սրբությունները մաշելով գնում ենք, ոչ մի մարդ չկա, որ մի բան ասի ու բոլորը հետևից գնան, մեր հասարակությունը բաժանված է սև ու սպիտակի, որը խայտառակ բան է: Մեր գործընկերները «Քաղաքացիական պայմանագրի» զանգում են, ասում են՝ Առաքել Մովսիսյանը փակել է Էջմիածնի ճանապարհը: Մենք չենք կարող հասնել, որովհետև մենք չենք կարողանում Երևանից դուրս գալ, մենք ոստիկանություն բաժին չենք կարողացել գնալ»:

Էդմոն Մարուքյանն ասաց նաև  իրավիճակի  լուծումների  ու լուծման  երրորդ ճանապարհի մասին. «Այդ երրորդ ճանապարհի մասին ես խոսել եմ ավելի շուտ, հիմա այդ ճանապարհը կարող է լինել ավելի ուժեղ: Հիմա դուք ասում եք « Ծառուկյան» դաշինք, բայց այդ դաշինքից կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Ինչո՞ւ, կա ճգնաժամ, որովհետև ամեն ինչ կեղծ է: Ես հիմա չգիտեմ, թե ինչ կարող է ստեղծվել, բայց ես վստահ եմ, որ կա երրորդ ճանապարհ»:

Նիկոլ Փաշինյանի մասով Էդմոն Մարուքյանն ասաց, թե բա ի՞նչ եղավ բաց ձեռքերի պայքարը, բա ի՞նչ եղավ ոչ ատելությանը քարոզը, այս ի՞նչ է կատարվում.«Ինչո՞ւ են մարդիկ մտածում, որ ով հրապարակում չէ, լավը չէ, ով հրապարակում չէ, վատն է, սև ու սպիտակը միշտ խնդիր է առաջացրել, տեսել ենք նաև անզիջում պայքարի արդյունքը»:

Նույն շարքից