Այսօր՝ ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը բարձրացրեց վարչապետի հրաժարականի հարցը՝ նշելով, որ այլ քննարկման հարց չկա, պետք է խոսել միայն իշխանության խաղաղ անցման մասին, վարչապետ Սարգսյանն ուղղակի ժպիտով պատասխանեց դրան՝ հայտարարելով, որ դա երկխոսություն չէ, այլ ուլտիմատում պետությանն ու երկրի օրինական իշխանություններին: Ավելի ուշ վարչապետը Փաշինյանին մեղադրեց նաև մարտի 1-ից դասեր չքաղելու մեջ՝ հայտարարելով, որ ամբողջ պատասխանատվությունը հենց Փաշինյանի վրա է լինելու: Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Փաշինյանը պայքարը շարունակելու կոչ արեց:
Սարգսյան-Փաշինյան հանդիպումից հետո զարգացումների մասին արդեն հայտնի է. Արցախի պողոտայում ոստիկանությունը հատուկ միջոցների արդյունքում հավաքի վայրից հեռացրեց Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և մեծ թվով քաղաքացիների:
Այս պահին իրավիճակը Երևանի տարբեր հատվածներում շարունակում է լարված մնալ: Քաղաքացիներին բերման ենթարկելու գործողությունները շարունակվում են: