Հայաստան Քաղաքականություն 

Կլինեն մարդիկ, ովքեր իրենց երեխաների անունները կդնեն ոչ թե Սերժ, այլ Նիկոլ. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ, արդյո՞ք քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժն անպայման հաշվի է նստելու ժողովրդի ձայնի հետ:

Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկված հարցերի մասին հարցին Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել` նշելով միայն, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա՝ իր հետ տանելով բոլոր մետաստազները:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ԲՀԿ-ն միայն վերջին պահին որոշեց միանալ Նիկոլ Փաշինյանին,  Զոհրաբյանը ձևակերպման հետ համաձայն չէ: Ծառուկյան խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ ԵԼՔ խմբակցության պատգամավորների ձերբակալությունից հետո իրենք կոչ արեցին ազատ արձակել վերջիններիս և զերծ մնալ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց:

Զոոհրաբյանի խոսքերով, իրենք եղել են քաղմասներում, լուռ օգնել են բերման ենթարկվածներին և այդ մասին չեն բարձրաձայնել: Ամեն դեպքում Ծառուկյան խմբակցության պատգամավորը կարծում է, որ հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ, հիմա ավելի կարևոր է ունենալ այնպիսի իշխանությունը, որը չի ասի, թե իր դեմը խաղը չկա, չի լինի քծնանք և այլն: Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, չպետք է լինի այնպիսի իշխանություն, որը լծակներ օգտագործելով, կճնշի մյուսներին, որպեսզի չլինի իշխանություն, որի դեմ  6 ամիս, 1 տարի հետո ժողովուրդը կրկին ընդվզի:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մասով իր կարծիքին, Զոհրաբյանն ասաց, թե չի կասկածում, որ վարչապետի հարցի քննարկման ժամանակ գովեստի խոսքեր կհնչեն Փաշինյանի հասցեին, կլինեն մարդիկ, ովքեր իրենց երեխաների անունները կդնեն ոչ թե Սերժ, այլ Նիկոլ, բայց ինքն այս պահին որևէ բան չի ասի, կխոսի հարցի քննարկման ժամանակ:

 

Նույն շարքից