«Կարծում եմ, որ ՀՀԿ-ում խառնաշփոթ է, քանի որ նրանք հայտարարել էին, թե պատրաստ են առանց նախապայմանների բանակցություններին, սակայն ինչպես տեսնում ենք Կարեն Կարապետյանի աթոռին իմ ուսապարկն է»,-այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ եթե Կարեն Կարապետյանը չի կարողանում բանակցություններ վարել Հայաստանի ներսում, ինչպես է բանակցելու ղարաբաղյան հակամարտության հարցում:
Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ արվելու է ժողովրդի հաղթանակը դե յուրե արձանագրելու համար, իսկ եթե վարչապետը լինի Հանրապետական, ճգնաժամը չի լուծվի. «Մենք շարունակելու ենք մեր գործողությունները և կփորձենք Կարեն Կարապետյաին ևս բացատրել իրավիճակը, որը կա Հանրապետությունում»:
Փաշինյանը նշեց, թե հույս ունի, որ մայիսի 1-ին, երբ խորհրդարանում կմեկնարկեն վարչապետի ընտրության հարցի քննարկումները, հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս կգան և կլցնեն Երևանի փողոցները. «Կոչ եմ անում մայիսի 1-ին առավոտյան ժամը 08:00-ին լինել Երևանում և լցնել փողոցները ու հրապարակները»: