Այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե միջամտում է արդյո՞ք Մոսկվան հայաստանյան զարգացումներին և հավելելով, որ որևէ մեկը չի միջամտում, սա մաքուր ներհայկական գործ է, ինչի մասին ինքը մի քանի անգամ խոսել է՝ գեոքաղաքական կոնտեքստ չկա այս խնդրում:
Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպում, սակայն վարչապետի պաշտոնակատարը հրաժարվեց բանակցություններից:
Փաշինյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են ՀՀ կառավարության անդամները ապրիլի 26-ին մեկնել Մոսկվա՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է Հայաստանում նրանք աջակցություն չունեն, և Կարեն Կարապետյանը ցանկանում է այդպես տպավորություն ստեղծել, թե աջակցութուն ունի դրսից, ինչը վատ է, քանի որ սա Հայաստանի ներքին հարցն է:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու, եթե վարչապետ լինի Հանրապետականի ներկայացուցիչը, Փաշինյանը նշեց, որ պետք չէ հարցն այնպես ներկայացնել, որ սա պաշտոնակռիվ է, հարցն այն է՝ ուզում է արդյո՞ք Հանրապետականը, որ ճգնաժամը լուծվի, եթե ՀՀԿ-ն չի ուզում, այն խորանալու է, քանի որ իրենք ետքայլ չե անելու և թույլ չեն տալու խլել ժողովրդի հաղթանակը:
Երեկ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ կամ ինքն է լինելու վարչապետը կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա դա մեկնաբանեց այնպես, որ խոսքը ճգնաժամը լուծելու մասին է. «ՀՀ քաղաքացին այսօր զարթոնք է ապրում: Մենք դավաճանած կլինենք այս շարժմանը, եթե այս զարթոնքը դե յուրե արձանագրելու համար բոլոր ջանքերը չգործադրենք»:
Մինչ այդ բոլոր ակցիաները դադարեցված են, և պայքարի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր մեկնելու են Գյումրի, որտեղից վերջինս կատարեց իր առաջին քայլը: Իսկ արդեն ապրիլի 29-ից պայքարը վերսկսվելու է:
Փաշինյանն անդրադարձավ նաև սպառնալիքների մասին խոսակցություններին՝ հայտարարելով, որ վենդետա չի լինելու, կադրային ջարդ չի լինելու: Պատգամավորի խոսքերով, մինչ այս պահն էլ իրենք դրա հնարավորությունն ունեցել են, սակայն չեն գնացել այն քայլին, քանի որ դա նրանց գործելաոճը չէ, Հայաստանում թշնամանքի էջը փակված է: