Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Բացառում եմ, որ ՀՀԿ-ն կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին. Գևորգ Կոստանյան

analitik.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը բացառում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները վարչապետի պաշտոնում կքվեարկեն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Կոստանյանը  նման հայտարարությամբ հանդես եկավ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ: Կոստանյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն կքննարկի և կորոշի, թե ում թեկնածությանն է կողմ քվեարկելու: Դիտարկմանը, թե այդ թեկնածուն կարող է լինել Նիկոլ Փաշինյանը, Կոստանյանը պատասխանեց. «Ես բացառում եմ: Բացառում եմ, որովհետև ես չեմ պատկերացնում նման իրավիճակ»:

Կոստանյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի որ խորհրդարանական մեծամասնության փոփոխություն չի եղել: «Ցանկացած մարդ, որը գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն», – ասաց  Կոստանյանը:

Նույն շարքից