Գյումրիում տեղի ունեցող հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց, որ Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը այլևս երբեք չի պարտվելու, և հաղթանակը լինելու է մեր ժողովրդի մշտական ուղեգիծը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր շատերը փորձում են օրվա օրակարգը ներկայացնել պրիմիտիվացված ձևով: «Շատերին թվում է՝ հարցն այն մասին է, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը, այդպես մտածողները չեն հասկանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ուենցող իրադարձությունները: Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, նրա բազուկները և միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է ապագային: Այսօր ՀՀ քաղաքացիության ինստիուտը հաղթանակել է և այդ հաղթանակը անշրջելի և երաշխավորված դարձնելու համար կա միայն մի ճանապարհ և այդ ճանապարհը ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելն է: Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը և հաղթանակի զգացողությանը ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից: Բայց քաղաքական լրջությունը պատասխանատվությունը ստիպում է արձանագրել հետևյալը, չկա ուրիշ տարբերակ՝ ժողովուրդը հաղթել է և նրա դե ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե՝ մայիսի 1-ի Ազգային ժողովի ընտրություններին»,-ասաց նա:
Նա նաև հայտարարեց, որ ԱԺ բոլոր խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ, ԲՀԿ-ն և ԵԼՔ-ը, պետք է վարչապետի թեկնածու առաջադրեն ժողովրդի թեկնածուին և մայիսի 1-ին ընտրեն նրան ՀՀ վարչապետ՝ այսինքն Նիկոլ Փաշինյանին. «Ինչքան էլ այլ թեմաներ քննարկենք, սա այս իրավիճակի լուծման միակ ճանապարհն է: Մնացած բոլոր լուծումներն էլ ավելի է խորացնելու ճգնաժամը: Եթե հիմա ճանապարհների փակման մեջ, քաղաքացիական անհնազանդության մեջ ներգրավված է հարյուր հազարավոր մարդ, այն ժամանակ այդ մարդկանց թիվը հասնելու է միլիոնների»: