«Ես գիտեմ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ է եղել, այդ մասով որևէ կասկած չունեմ»,-այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Զատուլինը հայտարարեց, թե ինքը ցավում է, որ հայկական կողմի նկատմամբ կիրառվել է ռուսական զենք՝ հույս հայտնելով, որ այդ դեպքերից հետո Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման հարցում փոփոխությունները թույլ են տվել վերականգնել բալանսը. «Մենք դեմ ենք ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը»:
Զատուլինը հավելել է, որ բոլորին է հայտնի, թե կոնկրետ ինքն ինչպես է ցանկանում, որ հակամարտությունը կարգավորվի, սակայն դա իր անձնական կարծիքն է, կա նաև պաշտոնական տեսակետ. «Խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն հատկապես հիմա: Մեր ներկայությունը Հայաստանում, Վլադիմիր Պուտին- Սերժ Սարգսյան, Վլադիմիր Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցները պետք է ցույց տան, որ Ռուսաստանը երես չի թեքում Հայաստանից, դա պետք է իմանա նաև Ադրբեջանը, որը չեմ կարծում թե կլարի իրավիճակը՝ օգտվելով Հայաստանի ներքաղաքական կյանքի իրադարձություններից»: