Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀԿ-ն ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ մարտի 31-ին Գյումրիից սկսած քայլարշավի հաջորդ կետը Լոռվա մարզն էր և երբեք չի մոռանա այն գորովանքը, սերը, օգնությունը, որը Լոռվա մարզը ցույց է տվել:

«Վանաձոր մտնելուց մոտավորապես 22 օր հետ մենք վերադարձել ենք այստեղ, որ ասենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք: Մենք եկել ենք ձեզ ասելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ձեր հաղթանակը ձեր ձեռքից որևէ մեկը չի կարող գողանալ: Ով կփորձի գողանալ՝ իշխանությունից, թե ընդդիմությունից կլինի, նա նույնպիսի արագությամբ գնալու է Սերժ Սարգսյանի հետևից:

Նա նաև նշեց, որ  եթե ՀՀ-ում մայիսի մեկին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը, քան ժողովրդի թեկնածուն, ուրեմն ՀՀ-ում և Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով:

«Ես ուզում եմ շատ հստակ լինել, սա ասել եմ և էլի եմ ասում. ես իլուզիաներ չունեմ, որպեսզի մտածեմ, թե դուք իմ անունը վանկարկելիս իմ անունն եք վանկարկում, ես հավատում եմ, որ դուք իմ անունը վանկարկելիս ինքներդ ձեր անունն եք վանկարկում, որովհետև ասել և ասում եմ` Հայաստանում հաղթանակած ոչ բռնի հեղափոխությունն ունի մեկ առաջնորդ և այդ մեկ առաաջնորդը` դու ես: Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պարտավոր են աներկբա ձևով քեզ նշանակել ՀՀ վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը` առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, վերջին օրերին փորձում էր ժողովրդի ձեռքից գողանալ հաղթանակը և իր համար հենարան, դաշնակիցներ գտնել և ուրիշ մարդկանց ներքաշել անազնիվ և հակաժողովրդավարական խաղերի մեջ:  «Ես ուրախ եմ, որ այսօր ԱԺ պատգամավոր մյուս Կարեն Կարապետյանը, ով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր ընտանիքի անդամ է, հայտարարել է, որ իր կարծիքով Կարեն Կարապետյանը չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու: Ես հույս ունեմ, որ այս տեսակետը կտարածվի ամբողջ ՀՀԿ խմբակցության անունից: Ես հույս ունեմ, որ մյուս խմբակցությունները նույնպես կգնահատեն ստեղծված իրավիճակը և կհայտարարեն, որ ոչ միայն թեկնածու չեն առաջադրելու, այլև առանց նախապայմանների պաշտպանելու են ժողովրդի թեկնածուն: Չեմ ուզում քննարկել հակառակ դեպքը, քանի որ հակառակ դեպք չի լինելու»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քիչ առաջ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

«Սա վատ չէ, լավ էլ չէ, որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին: Ես պատրաստակամ եմ հանդիպել «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ, որպեսզի հավաստիացնեմ, որ այս պրոցեսով, երբ մենք ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել` հույս ունեմ, որ այլ քաղաքական ուժերը, գործիչները չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի քաղաքական գործիչների դուրսմղմանը Հայաստանի քաղաքական դաշտից»:

Նույն շարքից