Ամբողջ թիմով, մեկ մարդու ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին, մենք թեկնածու չենք առաջադրելու, ժողովուրդը ում կհայտարարի, մենք էլ մեկ մարդու պես սատարելու ենք նրան: Այս մասին «Կենտրոն» ՀԸ եթերով հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը`անդրադառնալով վարչապետի թեկնածուի առաջադրմանը:
Դիտարկմանը, որ ժողովրդի թեկնածուն «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, Արարատն է, ես նորից եմ ասում՝ մենք սատարելու ենք ժողովրդի թեկնածուին»:
Ինչ վերաբերվում է հանրային ըմբոստությանը, Գագիկ Ծառուկյան ասաց, թե շարժմանը շատ դրական եմ վերաբերում:
«Այս շարժումը ոչ թե 1-2 տարվա հարց էր, այլ սա տարիների ընթացում կուտակված դժգոհությունն էր: Ժողովուրդն իր խոսքն ասաց անարդարության, կոռուպցիայի, մենաշնորհի, սոցիալական, տնտեսական, քաղաքական, բանկային, հարկային և այլ համակարգի վերաբերյալ: ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ, որ ժողովրդի մեջ կուտակվել էր ատելություն, անվստահություն, որ ամեն անգամ ընտրությունից հետո ասվում էր, թե բոլոր ճանապարհները տանում են Մելիք Ադամյան, ոնց որոշենք, այնպես կլինի»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս նշեց, թե բոլորը գիտեին երկրի վիճակի մասին, ավելին՝ զգում էին, որ պայթյունավտանգ դրություն էր, սակայն պարզ չէր, թե երբ կլինի հանրային ըմբոստություն:
«Ամենակարևորը տեսանք, որը եղավ, ժողովուրդը միանգամից ոտքի կանգնեց, և սա ժողովրդի ու երիտասարդների հաղթական է, որոնք հուսով, հավատով ճանապարհն են անցնում ու կյանք մտնում: Անարդարությունից հիասթափված երիտասարդությունն ամեն ինչ գնաց՝ հանուն անկախության, իրենց ապագայի»,- շարունակեց նա: