Քաղաքական 

Իշխանության մեջ չլինելով՝ ավելի շատ կարող եմ օգտակար լինել ազատներին. Լևոն Բարսեղյան

Ես եմ Հայաստանը

Քանի որ հարգելի ու ոչ այնքան հարգելի մարդիկ համարյա մորթազերծ են անում ինձ, պատասխանեմ, ու փակենք էս հարցը:)

Ես ոչ այս ոչ որեւէ այլ իշխանափոխությունից հետո պետական կամ համայնքային պաշտոն չեմ զբաղեցնելու, չեմ լինելու պատգամավորի թեկնածու եւ պատգամավոր:

Ես անարխիստ եմ: Սա երկար կլինի բացատրել: Կարճ ասեմ:
Ես համոզված եմ, որ հիերարխիկ հասարակությունը ավելի վատ բան է, քան անարխիկ, այսինքն առանց վերադասությունների հասարակությունը: Անարխիզմի գաղափարախոսությունը սովետի ժամանակ ջիգյարով ապականել են, ու հենց ասում ես՝ անարխիստ, 100 հոգուց 99-ը մտածում է, թե ծոցիցդ նագան ես հանելու՝ գյուլլես քեզ թարս նայած մարդուն: Այդպես չէ: ԱՅԴՊԵՍ ՉԷ: Ո՞նց է:

Բացատրեմ. ես համարում եմ, որ բոլոր մարդիկ ազատ եւ հավասար պիտի լինեն: Ազատորեն հավասար, եւ հավասարաբար ազատ: Այդ համադրման դեպքում, ստացվող ամենաբարձր արժեքը արդարությունն է: Սա ոչ մի կերպ չի նշանակում, թե բոլորին պիտի համահավասար հաց ու պանիր տրվի: Այս սկզբունքը չի արգելափակում անհատական կարողությունների դրսեւորմամբ ուրիշներից որպես անհատ տարբերվելու հնարավորությունը: Հավասարություն ասելիս հավասար հնարավորությունն ի նկատի ունեմ: Ազատություն ասելիս, համարում եմ, որ մարդու անհատական կամքի վրա բռնությունը հակամարդկային վարք է, կլինի ձեւական իշխանություն ունեցողի կողմից, թե տաքսիստի կողմից:

Իդելական, տեսական մոտեցմամբ, համարում եմ, որ իշխանություն չպիտի լինի: Բայց պատմությունը ցույց է տվել, որ այդպես չի ստացվում մեր տեսակ տարածքներում եւ բավականին խուճուճ աշխարհաքաղաքական դրության մեջ, հանրության կոլեկտիվ կամ համայնքային պաշտպանությունը մեր դեպքում անխուսափելի է: Միաժամանակ, արժե իմանալ, որ աշխարհի մի շարք քաղաքներում եւ երկրներում գործում են անարխիստական համայնքներ, որտեղ պետական իշխանությունը անելիք չունի, քիթը չի մտցնում ներս եւ այլն: Չեմ ուզում ժամերով ձեզ կարդալ տալ էս պատմությունը, գուգլը զորավոր է:

Իմ անարխիստական դիրքից փոխզիջումը, որ արել եմ եւ անում եմ, հանրային կյանքի կառավարիչներ ունենալու համաձայնությունն է, համամիտ եմ, որ պիտի երկրում եւ համայնքներում լինեն իշխանություններ, որոնք պիտի դադարեն հանրային ընկալման մեջ լինել վերեւում, իսկ անհատներս՝ ցածում: «Իշխանություն» եզրույթը պիտի սահմանվի որպես ծառաների խումբ, ծառայություն մատուցողներ եւ հանրային ընկալաման մեջ պիտի այդպես ներդրվի, որպեսզի մարդիկ համարեն, որ իրենք ենք տերը ազատ կամքի, եւ ինչ ինչ անխուսափելի գործեր պիտի պատվիրակեն իրենց ծառաներին (ԱԺ, կառավարություն, դատարան, ՏԻՄ, X, Y, Z եւ այլն): Ծառաները պիտի հասկանան վերջապես, որ իրենց ԾԱՌԱ ԵՆ, եթե մարդիկ չեն հավանում իրենց ծառայությունը, պիտի կարողանան տուն ուղարկել կամ պատասխանատվության ենթարկել, փոխել վերջապես: Վերջացավ: Այս ընկալմամբ է, որ ես մասնակցում եմ բոլոր կռիվենրին, որոնք ուղղված են ծառաների լկտիության դեմ, դրա այլազան դրսեւորումներով: Կատաղած շան պես հալածելու եմ մարդկանց հալածողներին, գզելու եմ, մինչեւ ցած բերեմ իրենց բներից ու բարձունքներից:

Հիմա Հայաստանում տեղի է ունենում դիրքերի տրամագծային փոփոխություն, պայմանական ցածինները հասկանում են, որ իրենք են եղել, բնությամբ, Աստծո կամ սեփական կամքով տերերը, իսկ պայմանական վերեւները՝ իրենց հալածողները, հարստահարողները, ճնշողները սկսում են դժվարությամբ հասկանալ, որ իրենք ծառա պիտի լինեն, եթե չեն ուզում լինել, պիտի գնան սեփական բոստանով զբաղվեն: Ահագին բան հիմա դրվում է իր իսկական տեղը, եւ վերադարձի կետն անցած է: Եթե կուզեք՝ Հայաստանի պատմության մեջ նման փոխատեղում առաջին անգամ է լինում: Այլ հարց է, թե այս արժեքային փոփոխությունը որքան կհաջողվի շարունակել, փոխել ամբողջ հանրային ընկալումը, թե՞ հակահեղափոխությունը ավելի ուժեղ կլինի: Կարծում եմ, չի լինի:

Ես երկար եմ վերլուծել եւ վաղուց հասկացել, որ իշխանության մեջ չլինելով ավելի շատ կարող եմ օգտակար լինել ազատներին, քան՝ լինելով: Ես այսպես էլ կծառայեմ, կասկած չունենաք: Ես եմ Հայաստանը: Իսկ դո՞ւք:

Կներեք զահլեքդ տարա:

Պաչում եմ:)

#հեղափոխություն
#նորՀայաստան

Գրում է Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում

Նույն շարքից