Վարչապետի ընտրության հարցում ՀՀԿ խմբակցության հետ դեռ որևէ համաձայնություն չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին, որևէ պայմանավորվածություն չկա, երեկվա հանդիպումը եղել է աշխատանքային և քննարկվել են բուն հանդիպման մասին հարցեր: Համաձայնության մասին կարելի կլինի խոսել միայն այսօրվա հանդիպումից հետո:
Իր վարչապետ ընտրվելու դեպքում կատարվելիք փոփոխությունների մասով, Փաշինյանը հայտարարեց, որ օրինակ գաղափար կա ընդհանրապես հանել ռեյտինգային ընտրակարգը, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես սրան կվերաբերվի և կքվեարկի մեծամասնությունը, դա պարզ կլինի քննարկումների արդյունքում:
Փաշինյանը խոսքերով, մի բան է միայն հստակ, որ պետք է ստեղծել աշխատանքային և համերաշխության մթնոլորտ, Հայաստանում թշնամանքի էջը փակված է, իսկ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների:
Ինչ վերաբերում է հարցին, թե արտահերթ ընտրությունների դեպքում արդյո՞ք ԵԼՔ-ով է Փաշինյանը մասնակցելու դրանց, վերջինս ասաց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել: