Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելառուսական հեռուստաընկերությանը

analitik.am

Հայաստանում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ տարվող երկխոսության ընթացքում պետական մեխանիզմը չպետք է քանդվի: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը.

«Բժիշկը պետք է բուժի՝ անկախ նրանից գոհ է, թե ոչ, զինվորը պետք է ծառայի, ոստիկանը պետք է հետևի օրենքներին, դատավորը պետք է լինի իր դիրքերում, գիտնականը զբաղվի գիտությամբ, իսկ գործարարները՝ իրենց բիզնեսով: Ցանկացած քաղաքացի ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Սակայն պետականության կառուցվածքը, ողջ ապարատը, մեխանիզմը պետք է աշխատի համակարգված: Եվ այստեղ նախագահի խոսքը հստակ է»:

Արմեն Սարգսյանը խոսել է նաև   հայկական Սփյուռքի մասին՝ ասելով, որ թեպետ այն  կենդանի օրգանիզմ է և կարող է իր կարծիքը հայտնել երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, սակայն խնդիրները երկրի ներսում են և այստեղ էլ պետք է կարգավորվեն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի ապագա ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախագահն ասել է. «Չեմ ցանկանում գնահատականներ տալ, քանի որ նախագահի գործը չէ գնահատականներ տալ անհատներին: Իմ գործառույթն այն է, որ բերեմ ամեն բան կոնսենսուսի: Մեզ մոտ սպեկտրը շատ լայն է, ես հանդիպում եմ, պայմանականորեն ասած, ծայրահեղ ձախերից մինչև ծայրահեղ աջերի հետ: Իմ գործառույթն է՝ խոսելով, քննարկելով, երկխոսություն ունենալով տարբեր քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, փորձել այս սպեկտրը հանգեցնել փոխըմբռնման, երկխոսության, բոլոր հնարավոր հարցերի ու հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման»:

Արմեն Սագսյանը նաև հույս է հայտնել, որ հնարավոր կլինի կոնսենսուսի հասնել:

Նույն շարքից