Իրավական գլխավոր 

Ռուս իրավապահների թշնամական վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ. 5 տարվա ազատազրկում են պահանջում տուգանք նախատեսող մեղադրանքի համար

Վերջերս Հայաստանում էին գտնվում ՌԴ պետդումայի պատգամավորները, ովքեր դիֆերամբներ էիր հյուսում ՀՀ-ՌԴ դարավոր բարեկամության, իրենց կողմից հայ ազգին ցուցաբերած նվիրական զգացմունքների  մասին։ Մինչ այդ էլ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ իրենց արձագանքն էին տալիս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները՝ նկարագրելով, թե ինչ սերտ և բարեկամական, հարազատական մոտեցումներ ունեն հայերի ու Հայաստանի նկատմամբ։ Հրաշալի կլիներ, եթե այս ամենի գոնե 10 տոկոսը ճիշտ լիներ, և ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՌԴ պաշտոնյաների կողմից նշվող դարավոր բարեկամությանը գոնե մի փոքր բնորոշ վերաբերմունք ցուցաբերվեր։ Ցավոք, կան դեպքեր, որոնք ապացուցում են, որ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոչ միայն լավ չեն վերաբերվում, այլ ամեն կերպ փորձում են ճնշել և մի փոքր հնարավորություն ունենալու դեպքում բոլոր լծակներն օգտագործելով ոտնահարել նրանց իրավունքներն այն աստիճան, որ  տուգանք նախատեսող մեղադրանքի առկայությամբ ամեն ինչ անում են, որ  ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, մանկահասակ երեխաների  հայրը 5 տարի ազատազրկման դատապարտվի։

Analitik.am-ից հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի Դադոյան Կարենին, ով մեղադրվում է պաշտոնատար անձին  կաշառք տալու մեջ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի  291 հոդվածի 3-րդ մասով, ՌԴ-ում փորձում են ակնհայտորեն ճնշել և անօրինական վճիռ կայացնել:  Այս քրերական գործը մեզ հետաքրքրեց, քանի որ այստեղ ոչ միայն բազմաթիվ խախտումներ տեսանք, այլ նաև ակնհայտ խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Մենք ուսումնասիրեցինք ՌԴ-ում հարուցված և ընթացք ստացած  մի շարք համանման քրեական գործեր և պարզեցինք, որ նույն մեղադրանքի համար ՌԴ քաղաքացիների պարագայում ոչ մի դեպքում չեն պահանջել  5 տարի ազատազրկում, ինչպես դա անում են Կ. Դադոյանի դեպքում:  Նշենք նաև, որ մեղադրող կողմը հաշվի չի առել ոչ այն, որ Կարեն Դադոյանը երբևէ դատված չի եղել, ունի դրական բնութագիր, ոչ էլ այն, որ խնամքին մանկահասակ երեխաներ ունի։ Պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվում, Analitik.am-ը կապ հաստատեց  Կարեն Դադոյանի քրոջ՝ Ս.Դադոյանի հետ, ով մեզ պատմեց հետևյալը.

«Սկսեմ նրանից, որ 2015 թվականին ՌԴ-ում  մինինգիտից մահացավ եղբորս 2,5 տարեկան աղջիկը, քանի որ բժիշկները ոչինչ չկարողացան անել երեխային փրկելու համար։ Այս վշտից հետո եղբայրս բավականին ծանր դեպրեսիայի մեջ էր ընկել։ Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի նա կարողանա գոնե մի փոքր հաղթահարի այս ցավը։ 2017 թվականի սկզբում  նույն հիվանդությամբ հիվանդացավ եղբորս մտերիմ ընկեր Սերգեյ Սարգսյանի երեխան, 10 օր կոմայի մեջ մնալուց հետո մի կերպ երեխային կարողացան փրկել, սակայն հիվանդությունը թողեց իր հետևանքները։  Նախքան երեխայի հիվանդանալը Սերգեյ Սարգսյանը կենցաղային թեմայով վեճ էր ունեցել, որի պատճառով քրեական գործ էր հարուցվել Սերգեյի վրա։ Նա ընտանիքին տարավ Հայաստան, որպեսզի անվտանգ լինեն, վերադարձավ ՌԴ։ Նա առանց որևէ խնդրի անցավ ՌԴ սահմանը, գնաց Հայաստան, ապա վերադարձավ ՌԴ, և որևէ խնդիր չեղավ։  Սակայն որոշ ժամանակ անց տեղեկացրեցին, որ երեխան ծանր հիվանդացել է և չի ստացվում այնտեղ բուժել, ուստի Սերգեյը որոշեց գնալ  Հայաստան, որպեսզի երեխային բերի ՌԴ՝ Ռոստով-նա-Դոնու քաղաքի հիվանդանոցում բուժվելու նպատակով։

Լուսանկարում Կարեն Դադոյանն է:

Սակայն, սահմանը հատելուց նրան ձերբակալեցին և ասացին, որ իբր նա 2017-ի հունիս ամսից  գտնվում է դաշնային հետախուզման մեջ։ Նշեմ նորից, որ նա իրենց նշած ամսաթվից մոտ մի ամիս առաջ  անարգել մուտք էր գործել ՌԴ, ուստի չէր կարող հետախուզման մեջ լինել։ Պատկերացրեք, երեխան հիվանդ, Սերգեյը ձերբակալված, այս իրավիճակում, եղբայրս, որ Սերգեյի մտերիմ ընկերն էր և տեղեկանալով, որ Սերգեյի փոքրիկը  նույն վիճակում է, ինչ իր աղջիկն էր որոշ ժամանակ առաջ, նորից վերապրեց այն նույն վիշտը, ահավոր օրեր էին... Նա ուղղակի խելագարի նման փորձում էր ամեն ինչ անել, որ ինչ-որ կերպ օգնի Սերգեյին և նրա ընտանիքին։ Այս ընթացքում  ոստիկանության քրեական հետախուզման վարչության աշխատակից Սանդուլսկին  եղբորս  ասում է, որ քրեական գործով տուժող հանդիսացող Անտոնին  պետք է փող տալ՝ այսպես ասած, որպես բարոյական վնասի փոխհատուցում,համաձայնության գալ, որպեսզի գործը կարճվի, իսկ Սերգեյին էլ ազատ արձակեն։ Արդյունքում, Սանդուլսին նրան ասում է, որ խոսել է տուժողի հետ, համաձայնության են եկել, ամեն ինչ նորմալ է, գումարը կտան՝ որպես փոխհատուցում, գործը կկարճվի և վերջ։ Երբ եղբայրս գումարով գնում է Սանդուլսկու մոտ, փոխանցում է նրան այն, Սանդուլսկին գաղտնի նկարահանում է կազմակերպած լինում և դա որակում է՝ որպես կաշառք։ Արդյունքում, նրան հաջողվում է այս աբսուրդ մեղադրանքով գործը դատարան հասցնել։

21.07.2017-ից իմ եղբայրը գտնվում է կալանքի տակ, մեղադրվում է ՌԴ Քր.Օր.-ի 291 հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձին կաշառք տալ։ Մեղադրանքի աբսուրդն այն է, որ որպես անօրինական արարք, որը կատարելու համար իբր եղբայրս փող է տվել Սանդուլսկուն, համարվել է Սերգեյին հետախուզումից հանելը, սակայն Սանդուլսկին դա չէր կարող անել, նա ուղղակի նման լիազորություն չունի, ոչ միայն մենակ, այլ նույնիսկ իր գործընկերների հետ էլ նման բան չէր կարող անել, հետախուզմանը վերաբերող գործերը  բոլորովին այլ մարդկանց խիստ վերահսկողության տակ են, և ուղղակի ինչ-որ աշխատակից նման բան չի կարող անել։ Իմ եղբայրն արդեն 9 ամիս է կալանքի տակ է գտնվում, ես վստահ եմ, որ նրան դատապարտելու են, չնայած նրան, որ նա անմեղ է։  9 ամիս կալանքի տակ պահելն  արդարացնել է պետք ինչ-որ կերպ։ Սակայն, ես չեմ հասկանում այս խտրական և թշնամական վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ նախ սարքել քրեական գործ՝ տեղեկանալով, որ հայերի հետ գործ ունեն, ապա սարքած քրեական գործով ուզենալ մարդուն դատապարտել 5 տարի այն դեպքում, երբ այդ արարքի կատարման համար նախատեսվում է նաև տուգանք։ Ի դեպ, Սերգեյ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործն էլ որոշ ժամանակ անց կարճվեց՝ տուժողին բարոյական վնաս փոխհատուցելով»։

Ս. Դադոյանին լսելուց հետո ավելի մանրամասն  ուսումնասիրեցինք քրեական գործը, որտեղ հայտնաբերված խախտումները հաստատեցին, որ ոչ միայն կա օրենքի լուրջ ոտնահարումներով հարուցված քրեական գործ, այլ նաև կոնկրետ թշնամական և ընդգծված խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացու նկատմամբ։

Հաշվի առնելով այն փաստը, որ Կարեն Դադոյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը Ռոստովյան շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանում  դատավոր Ս.Վ. Վէյդէի  կողմից  հրապարակվելու է մայիսի 4-ին, պետք է հնարավորինս տարածել այս ապօրինի և խտրական մոտեցման մասին դեպքերից մեկը՝ թույլ չտալով  ՌԴ իրավապահ համակարգի կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ ակնհայտ ճնշումներ և ազգությամբ պայմանավորված խտրական վերաբերմունք։

Գործի իրավական մանրամասներին և ակնհայտ խախտումներով կատարված նախաքննությանը և  դատաքաննությանը, դատախազ Անտոն Կուգատովի ակնհայտ թշնամական երանգներով մեղադրական ճառին  կանդրադառնանք մոտ օրերս՝ մինչև մայիսի 4-ը, որպեսզի որևէ կասկած չլինի, որ խոսքը վերաբերում է վշտի մեջ գտնվող երկու հայ ընտանիքների նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինների կողմից ցուցաբերած ակնհայտ անօրինական, անմարդկային և խտրական վերաբերմունքին։

Այս օրերին, երբ ռուս դիվանագետները, պետական և քաղաքական գործիչները խոսում են հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, միևնույն ժամանակ մանկահասակ երեխա կորցրած, երկու մանկահասակ երեխա խնամքին ունեցող հայ տղամարդուն բոլոր հնարավոր ճնշումների միջոցով փորձում են 20 000 ռուբլի տալու համար դատապարտել 5 տարի ազատազրկման և սա էլ բավարար չէ, նաև տուգանել տրված գումարի հնգապատիկի չափով։ Խտրականությունն ապացուցվում է նաև նրանով, որ նույն արարքը կատարած ՌԴ քաղաքացիների նկատմամբ որպես պատիժ ոչ թե ազատազրկում են կիրառում, այլ ուղղակի տուգանում են։ Հետևությունները թողնում ենք ընթերցողին։

 

Նույն շարքից